Սյունիքում խաղը սկսված է կամ ինչի մասին է Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Իրավիճակ

ա

«Ոչ ոք չգիտի՝ վաղն առավոտյան ինչ կլինի. ամեն օր էլ կարող է նոր պատերազմ սկսվել»,- այսպես է կարծում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այս անգամ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հավանականությանը։

Տարածաշրջանային գործընթացները որոշակիացնում են Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ծրագրերը. նրանք միասին պատրաստվում են նոր պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի՝ նպատակ ունենալով «հետ վերադարձնել պատմական Զանգեզուրը»։

Սակայն ինչպես Առուշ Առուշանյանը, այնպես էլ բոլոր սյունեցիներն են հասկանում, որ մի բան էր պաշտպանել Սյունիքը նախկին դիրքերի պայմաններում, մեկ այլ բան է հույսը դնել GPS-ով գծված սահմանների հետևանքով մեր տեղակայման վայրերի վրա։ Եթե իշխանությունները 26 կիլոմետր թնամուն չհանձնեին, կունենայինք հուսալի դիրքավորում ու կկարողանայինք մեզ պաշտպանել։

Սյունիքի շուրջ օղակը կանխատեսելիորեն սեղմվում է, ու ահա այս իրավիճակում հրապարակվում է ԵԿՄ նախագահ, Նիկոլ Փաշինյանի համախոհ ու թիմակից Սասուն Միքայելյանի հայտարարությունը: Մարդ, ում համար թավշյան ավելի մեծ արժեք ունի, քան արցախյան հաղթանակները, կոչ է անում բոլորին համախմբվել: Այսինքն, ընդդիմությունը պետք է հասկանա, որ Սյունիքը վտանգված է ու պետք է համախմվբվի Փաշինյանի շուրջ: Ինչեր չես անի հանուն Նիկոլ Փաշինյանի, ում իշխանությունը երերում է:

Այդքան երկար տեքստի փոխարեն Սասուն Միքայելյանը կարող էր հանձնարարել թողնել միայն այս հատվածը, որն ամփոփում է հայտարարությամբ հանդես գալու բուն նպատակը. «... գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը»։

Չնայած, դատելով ընդդիմության չափազանց հավասարակշռված ու անշտապ գործելաոճից, Սասուն Միքայելյանն առանձնապես կարող էր իրեն նեղություն չտալ ու հայտարարություններ չանել:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ ոչ միայն Փաշինյանի իշխանության, այլև ընդդիմության գործողություններն արդեն ադեկվատ չեն համարվում, ոչ Հայաստանում, ոչ էլ ռազմավարական գործընկեր Ռուսաստանում: Մոսկվայից արդեն բաց ասում են՝ չենք հասկանում՝ ինչ է ուզում Հայաստանի ընդդիմությունը:

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը հետևողականորեն վերածվում է աբսուրդի թատրոնի, որտեղ հստակ դերաբաշխումով սիրողական ներկայացումը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ շեղել ուշադրությունը իրական ու մոտեցող նոր վտանգից: Ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս թատրոնում ընդամենը մի կողմն է...