Ուզում է հանդիպել. Փաշինյանը Ծառուկյանին հրավեր է ուղարկել

Մանրամասներ

ա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնականաբար, հանդիպում ունենալու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ամեն դեպքում հանդիպելու հրավեր է ուղարկել։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«ԲՀԿ ղեկավարին հրավեր ուղարկվել է, բայց մնացածը չեմ կարող ասել, թե ինչպես կընթանան զարգացումները»,–ասաց Մակունցը։

Անդրադառնալով վարչապետի և ԼՀԿ–ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի հանդիպմանը, Մակունցն ասաց. «Այն արձագանքը, որ հնչեցրել է պարոն Մարուքյանը, որ լինելու է բանակցությունների երկրորդ փուլ, ես առաջարկում եմ՝ ավելի առաջ չգնանք եւ սպասենք այդ երկրորդ փուլի արդյունքների արձանագրմանը, որից հետո մեր քայլերի մասին նույնպես կխոսենք»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ինչ-որ փուլում ԼՀԿ–ի հետ կոալիցիա կազմելը, Մակունցը պատասխանեց` դեռ ճիշտ չէ այս պահին կոալիցիաների մասին խոսելը, անհրաժեշտ է քայլ–քայլ առաջ գնալ ու արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնության գալ. «Մնացածը ժամանակը ցույց կտա»:

Հիշեցնենք` Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։