«Վերջ թավիշինը» բլեֆ է. Փաշինյանը չունի ռեսուրս՝ ոչ թավշյա գործողություններ իրականացնելու համար

Մանրամասներ
նփ

ա

Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է ժամանակ ձգել: Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո ավելի մեծ թափ է ստացել նրա հրաժարականի պահանջը, և նա փորձում է քաղաքական օրակարգը՝ արտահերթ ընտրությունների թեման արծարծելով, հավաքներ անելով պահել: Հարցը արտահերթ ընտրությունների անցկացումը չէ, հարցն այն է, թե ով պետք է դա կազմակերպի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով իշխանության հանրահավաքի և այնտեղ հնչեցված հայտարարությունների մասին:

Ըստ նրա՝ հանրահավաքի նպատակը պարզ էր այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ այլևս չունի բանակի աջակցությունը, ինչպես օրինակ չուներ «էլիտայի» ճնշող մեծամասնության, հոգևորականների, Արցախի և Հայաստանի նախկին նախագահների և մնացածի աջակցությունը, հասկացավ, որ իր քաղաքական և հանրային հենարանները սկսում են նոսրանալ:

«Այս պայմաններում՝ իր կարծիքով՝  միակ ռեսուրսը, որ ունի, հանրության մի հատվածն է կամ ինչպես ինքն է անվանում՝ ժողովուրդն է: Եվ ինքը, փաստորեն, փորձեց «էլիտաներին»  և հանրության մի զգալի մասի հրաժարականի պահանջներին հակադրել իր այդ ռեսուրսով: Ի՞նչ ցույց տվեց այդ հանրահավաքը, երթը. պարզ է, որ իր սպասելիքները զգալիորեն չիրականացան, որովհետև մի բան է, թե ինչպես ներկայացրին այդ հավաքը և մի այլ բան է իրականությունը և այն, ինչ տեղի ունեցավ: Կարծում եմ՝ հրապարակը՝ լավագույն դեպքում 1/3-ով էր լցված ու  հասկանալի է, որ դա վարչական ռեսուրսի օգտագործման արդյունք էր»,- ասաց նա:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ եթե անգամ արձանագրենք, որ ընդդիմությանը չի հաջողվում իր աջակիցներին ամբողջ զանգվածով հանել փողոց, միևնույն է, սա չի նշանակում, որ դուրս չեկած զանգվածն աջակցում է Նիկոլ Փաշինյանին: Ամեն դեպքում, վերջինիս դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի «ժողովուրդը» մի քանի անգամներով է նոսրացել:

Անդրադառնալով այն հարցին, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը մենակ չէր ու իր վստահությամբ կարող էր արտահերթ ընտրությունների գնալ, որը սակայն չի անում, քաղտեխնոլոգը նշեց, որ ի սկզբանե, երբ Փաշինյանն արտահերթի գնալու կոչ էր անում, զբաղված էր հերթական բլեֆով:

«Նա, իհարկե, մենակ չէ, ամեն դեպքում նա ունենալու է իր ընտրազանգվածը, բայց դա բավարար չի լինելու վարչապետի իր պաշտոնը վերականգնելու համար, չի լինելու այն շռնդալից ընտրության արդյունքը, որը եղավ նախկինում: Նա նաև շատ լավ գիտակցում է, որ չունի վարչական ռեսուրս, բանական մարդն արդեն իր կողքին չէ, իսկ մնացյալը տատանվող իրավիճակում են` Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և այլն: Նա էլ է գիտակցում, որ պատրաստ չէ հաղթանակի»:

Փաշինյանի՝ հրապարակում արած այն հայտարարությունը, թե վերջ է տրվելու թավիշին, քաղտեխնոլոգը մեկնաբանեց որպես միայն իր ընտրազանգվածի և իր լսարանի համար արվող հայտարարություն: ««Վերջ թավիշին» հայտարարությամբ Փաշինյանը փորձում էր ականջին հաճո խոսքերով իր կողքին պահել իր հիասթափված լսարանին: Սա ներքին լսարանի համար արվող քարոզչական հնարք էր, մանիպուլյացիա: Հենց այն օրը հայտարարել թավիշի վերջ դնելու մասին, երբ ամենահզոր ուժային կառույցը խոսում է նրա հրաժարականի պահանջի մասին, անհասկանալի էր, քանի որ դու պետք է ունենաս ռեսուրս, որ ոչ թավշյա գործողություններ իրականացնես»: