Մտապահեք վաղվա օրը. փետրվարի 20, 2021 թվական. Միքայել Մինասյան

Վաղը ընտրության պահն է

ա

Վաղվա հանրահավաքը միայն Արցախին չի վերաբերում, այն հանուն արժանապատիվ կյանքի է՝ բոլոր իմաստներով: Մեր ժողովուրդն իրավունք ունի արժանապատիվ ապրելու, իրավունք ունի իմանալու զոհերի թիվը և մենք պարտավոր ենք նրանց մահին ու սխրանքներին տալ իմաստ, պարտավոր ենք զբաղվել անհետ կորածների ճակատագրով և իրավունք չունենք գերիներ ունենալ: Մենք պարտավոր ենք սկսել մտածել՝ գիտակցելով, որ իրավունք ունենք լավ ապրելու։ Վաղվա հանրահավաքին պիտի գնանք, որ չլինեն Աննան ու Նիկոլը, Մակունցը և օմեգա Արոն, թալանչի Ավինյանն ու Հայկոն: Այն նույն Հայկոն, որը քարուքանդ արեց մեր քաղաքը:

Երևանում երեկ մեկ օր ձյուն տեղաց և միանգամից կաթվածահար արեց մայրաքաղաքի առավոտյան երթևեկը։ Նոր Նորքի միայն մեկ կանգառում իրար էին բախվել 40-ից ավելի մեքենա։ Էլ չեմ խոսում փողոցները չմաքրելու, ավտովթարների և դրանց պատճառով առաջացած կիլոմետրանոց խցանումների մասին, որից վրդովված երևանցիները գրառումներ էին անում, լուսանկարներ տեղադրում ու դժգոհում։

Մի խոսքով, սովորական դարձած երևանյան քաոս էր։ Եվ ինձ համար անհասկանալի էր միայն բնակիչների վրդովմունքը։ Ինչո՞ւ էին դժգոհում և ինչից։ Որ փողոցները մաքրվա՞ծ չեն։ Բայց չէ որ Հայկոն է ձեր քաղաքապետը, երբ դուք ընտրում էիք Հայկոյին, ինչ էիք մտածում` ձյուն չի՞ գալու:

Երբ Հայկոն խոստանում էր գերժամանակակից, ավելի լայն վերելակներ տեղադրել, իսկ նրա ընդդիմախոսներն ասում էին՝ սուտ է խոսում, բազմաբնակարանոցների շախտաները նախատեսված չեն այդ վերելակների համար, դուք ո՞ր կողմին պաշտպանեցիք ու ի վերջո ո՞ւմ ընտրեցիք։ Իսկ հիմա, երբ այդ վերելակները ո՛չ 12 հոգանոց են ու ո՛չ էլ աշխատում են ո՞վ է մեղավոր։

Այլ պատկեր չէր էլ կարող լինել, քանի որ Երևանի քաղաքապետը պաշտոնավարման 2.5 տարվա կեսից ավելին արձակուրդում է և միակ շոշափելի արդյունքը նրա և նրա ընկերների նոր անշարժ գույքերն են արտասահմանյան մայրաքաղաքների թանկարժեք թաղամասերում (այո, դրանք ավելացել են 2018-2021 թթ.): Իսկ պաշտոնավարման հետ կապված բազմաթիվ հարցեր կան. ի վերջո, ինչո՞վ ավարտվեց «Սանիտեկի» բռնազավթումը, ի՞նչ ատկատային մեխանիզմներով գնվեցին ԿԱՄԱԶ-ները, ի՞նչ եղավ մետրոյի նոր կայարանի շինարարությունը և «լայն լիֆտերը»: Ի՞նչ եղավ Երևանի նոր տրանսպորտային համակարգը՝ միասնական վճարային համակարգով։ Ինչու խոստացված մեծ ու հարմարավետ ավտոբուսները փոխարինվեցին «ծյունինգ» արած ԳԱԶԵԼ-ներով:

Ինչ է արել Հայկոն՝ շատ պարզ է. ոչինչ։ Բայց նա միակը չէ։ Ոչինչ չարեց նաև «Բելին հաղթող» ձախողակ երգահանը, որը նշանակվեց գլխավոր ճարտարապետ, փող աշխատեց, իսկ հեռանալիս հետը 2 միլիոն պարգևավճար տարավ՝ ոչինչ չանելու համար: Պարզվեց՝ նրա երգերն էլ էին կեղծ, խոսքերն էլ, իսկ մորուքի, թավշյա ձայնի և լիրիկական երկտողերի հետևում թաքնված է մի շարքային սրիկա, որն իր բաժինը փախցրեց ու հեռացավ:

Բայց երևանցիները դժգոհելու պատճառ չունեն, որովհետև Հայկոն իրենց հավաքական և՛ ընտրությունն է և՛ մեղավորությունը: Եթե Նիկոլին ընտրելիս դեռ ունի էմոցիոնալ դրդապատճառ կամ քաղաքական բացատրություն, ապա Հայկոյի ընտրությունը վստահաբար ո՛չ մեկն էր, ո՛չ էլ մյուսը։ Ընտրել մեկին, որ ամբողջ կյանքում ոչինչ չի արել, բացի ծամածռվելուց, չունի արդարացում, թեև ունի բացատրություն. դա գիտակից ընտրություն էր։ Ընտրություն էր առ ոչինչ. հետևաբար, հիմա ժամանակն է «վայելելու» որոշման հետևանքները կամ փոխելու այն:

Ես կասկած չունեմ, որ երևանցին ու հայաստանցին ոտքի են կանգնելու, հուղարկավորելու են Նիկոլի քաղաքական դիակը և ազատվելու են վերջինիս մետաստազներից՝ ԿԳԲ-ի ագենտներից մինչև թուրքամոլ ստրուկներ, քաղաքական և ֆիզիոլոգիական պոռնիկներից մինչև ծաղրածու քաղաքապետ, որովհետև հայը համբերել ու հանդուրժել գիտի, բայց ստի ու դավաճանության հետ համակերպվելով ապրել՝ ոչ մի կերպ:

Եվ վերջում. Ես խորապես հիասթափված եմ այն «հայտնի երևանցիներից», որոնք դիֆերամբներ էին ձոնում մայրաքաղաքին, երգեր գրում, պայքարում պուրակների ու ծառերի համար, իսկ այսօր հանցավոր լռություն են պահպանում՝ չնկատելու տալով, որ քաղաքը մնացել է անտեր, իսկ բնակիչները՝ որբ։

Մտապահեք վաղվա օրը. փետրվարի 20, 2021 թվական։ Վաղը պետք է դուրս գալ փողոց ընդդեմ սեփական սխալ ընտրության։ Վաղը պետք է լինել Ազատության հրապարակում ոչ թե հանուն անշոշափելի երազանքների, այլ հանուն արժանապատիվ ապրելու, որպեսզի 21-րդ դարում երևանցին ու հայաստանցին ստիպված չլինի ոտքով աշխատանքի գնալ, որպեսզի ոստիկանը հերթապահությունից հետո ստիպված չլինի տաքսի վարել, որպեսզի ուսուցիչն ու թոշակառուն բարեկեցիկ ապրեն, որպեսզի գործարարը դուրս գա նորանահայտ օլիգարխների լծի տակից, որպեսզի սփյուռքահայը կրկին ինքնավստահ ու գլուխը բարձր ապրի։

Դեմ չլինելով, փողոց դուրս չգալով դուք շարունակում եք ընտրել հայրենիքի դավաճաններին, բանակը քանդածներին ու երկիրը աղետի գոտի վերածածներին։

Վաղը ընտրության պահն է, ուստի բոլորս՝ մեծից փոքր, վաղը՝ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին պետք է լինենք Ազատության հրապարակում՝ հանուն արժանապատիվ կյանքի, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի և մեր երեխաների ապագայի։