Վերջին օրերին ինչ-որ բան այնպես չգնաց. ԳՇ նախկին պետը՝ պատերազմում մեր պարտության մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում, խոսելով արցախյան վերջին պատերազմի ու պարտության պատճառների մասին, քանիցս ակնարկեց, որ «գլխավոր շտաբի պետը ևս իր դերի մեջ չի եղել: Բայց միաժա­մանակ պարոն Սարգսյանը նաև ակնարկեց, որ ԳՇ պետը ցանկության դեպքում անդամ հազիվ թե կարողանար ամեն ինչ տեղը-տեղին անել այն պարզ պատ­ճառով, որ պարզապես չուներ համապատասխան փորձ: Ավելին, որ ԳՇ պետի գերհաճախակի փոփոխությունը հենց նման արդյունքի էլ պետք է տաներ:

«Երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պե­տը ձեզ համար խաղալի՞ք է...»,- ընդգծեց երրորդ նախագահը:

Ուրեմն, ի՞նչ են մտածում ՀՀ ԳՇ նիկոլյան ժամանա­կաշրջանի պետերն այդ մասին: 44-օրյա պատե­րազմի բացթողումների, Շուշիի առեղծվածի, բանա­կի առաջնահերթությունների, և թե որ­քանո՞վ է բանակը առկա ռեսուրսներով պատրաստ հնարավոր մարտահրավեր­ներին, հարցերի պատասխանը «Իրա­վունքը» փորձել է ստանալ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից:

-Պարո՛ն Դավթյան, ինչու 44-օրյա պա­տերազմը ավարտվեց նման ելքով՝ հազա­րավոր զոհեր, վիրավորներ, անհետ կո­րած հերոս տղաներ, գերեվարվածներ և Արցախի տարածքի զգալի  կորուստներ: Ո՞րն էր այս պարտության գլխավոր բաց­թողումը:

-44-օրյա պատերազմում եղել են և՛ թերություններ, որոնք, այո՛, կարող էին չլինել, և՛ բացթողումներ: Բայց որպեսզի կարողանանք մանրամասն ներկայաց­նել բացթողումների պատճառները, պետք է ներսից տիրապետել հստակ տվյալների, որոնք, ցավոք, ես չունեմ:

Ես կարող եմ մի բան հստակ ասել, հակառակորդը եղել է բավականին ու­ժեղ, մենք էլ թույլ չենք եղել: Զինվորը, սպան պայքարել են մինչև վերջին շուն­չը: Ի վերջո, 44 օր մարտական գործո­ղություններ են իրականացվել, և ամ­բողջ մարտական գծի երկայնքով հակա­ռակորդը հաջողություններ չի ունեցել: Ինչ որ եղավ, եղավ վերջին օրերին, ինչ- որ բան այնպես չգնաց: Չեմ կարող ասել ինչ, որովհետև ինքս տեղյակ չեմ մանրամասներին, բայց այդ մանրամասները, բացթողումները պետք է անպայման վեր հանվեն: Ինքս պատրաստ եմ ներգ­րավվել ստեղծվելիք հանձնաժողովում, որպեսզի վեր հանենք պատերազմի ար­դյունքների պատճառները:

-Պարո՛ն Դավթյան, Շուշիի գրավումը շարունակում է առեղծված մնալ: Հե­տաքրքիր է Ձեր տեսակետը՝ Շուշին գրավվե՞ց, թե՞ հանձնվեց:

-Շուշիի հետ կատարվածն ինձ հա­մար առաջին հերթին մեծ ցավ է, ողբեր­գություն: Թե ինչ է կատարվել Շուշիում, ինչպես էր հակառակորդը հասել այն­տեղ, այդ հարցի պատասխանը անգամ Շուշիում եղած զինվորականների հա­մար է անհասկանալի: Այնպես որ, ինչ­պես ողջ պատերազմի նման ելքի, այն­պես էլ Շուշիի հետ կատարվածը պետք է մանրամասն ուսումնասիրվի: Այս պա­հին զերծ կմնամ ինչ-որ եզրակացություններ անելուց:

-Առկա ռեսուրսներով բանակը պատրա՞ստ է դիմակայել հակառակորդի մարտահրավերներին՝ հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, որ Ալիևի ախորժակը գնալով մեծանում է:

-Եթե նկատի ունեք նորից նման կար­գի պատերազմներ վարելուն, ապա շատ դժվար կլինի մեզ համար: Բանակը ցան­կացած պարագայում պատրաստ է իր առջև դրված խնդիրը կատարելուն, հի­մա այդ խնդիրը ինչքանո՞վ է կլինի ար­դյունավետ, կամ որքա՞ն կորուստներ կունենանք, դա երկրորդ հարցն է: Իսկ, ընդհանուր առմամբ, բանակը, եթե ունե­նա անգամ մեկ ստորաբաժանում և մեկ զորամաս, միևնույնն է պատրաստ է իր խնդիրը կատարելուն:       Նորից եմ կրկնում, եթե մարտահրավեր ասելով նկատի ունենանք այսօրվա սահմաննե­րի պահպանումը, ապա այո, միանշա­նակ կարող է իրականացնել: Եթե վաղը, մյուս օրը նման կարգի պատերազմ վա­րելը նկատի ունենանք, ապա շատ դժվար կլինի արդյունքները կանխատե­սել:

-Պարոն Դավթյան, 44-օրյա պատե­րազմը ցույց տվեց, որ մեր բանակը, այնո­ւամենայնիվ պատրաստ չէ հինգերորդ սերնդի պատերազմներին: Որոնք են այ­սօր բանակի առաջնահերթությունները:

-Իմ համոզմամբ՝ բանակը առաջին հերթին պետք է դուրս գա այս ծանր վի­ճակից հոգեբանորեն, չվերցնի իր վրա պարտվածի հոգեբանությունը: Առաջնա­հերթ խնդիր եմ համարում մարտական ծառայության կազմակերպումը նոր բնագծերով: Զինված ուժերի առաջնահերթությունների մեջ բացի սպառազի­նության, ռազմական տեխնիկայի հա­մալրումից, կարևոր տեղ պետք է հատ­կացվի սպայական կազմի համալրմանը՝ հատկապես դասակի հրամանատարնե­րով: Այս առումով մեծ աշխատանք է պետք կատարել, որպեսզի նորից հասկացությունը հավատա բանակին, ծա­ռայությանը, որպեսզի հայորդիները նո­րից ցանկություն ունենան դառնալ սպա­ներ և շարունակեն ծառայությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: