Փաշինյանն անձեռնմխելիություն չունի. նրա դեմ քրգործ հարուցելու դեպքում լիազորությունները կկասեցվեն․ իրավագետ. VIDEO

Մանրամասներ

Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործի հարուցման դեպքում առաջին խնդիրը պետք է լինի քրեական գործի քննության ընթացքում վարչապետի լիազորությունների ժամանակավոր կասեցումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ խոսելով իրավաբանական և քաղաքական շրջանակներից Փաշինյանի դեմ «դավաճանություն» հանցակազմով հաղորդումների ներկայացման մասին։

«Ընդ որում, չգիտեմ դա մեր Սահմանադրության հեղինակների անուշադրությո՞ւնն է եղել, թե՞ միտումնավոր մոտեցում է, Սահմանադրությամբ պետական իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակում, թերևս, վարչապետն է, որ անձեռնմխելիությունից չի օգտվում։ Ե՛վ նախկինում, և՛ այսօրվա խմբագրությամբ Սահմանադրությամբ հանրապետության նախագահը, ԱԺ պատգամավորները օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, և սահմանված ընթացակարգ կա՝ նրանց անձեռնմխելիությունից զրկելու, բայց վարչապետի առումով նման անձեռնմխելիություն սահմանված չէ և, բնականաբար, նման ընթացակարգ չկա»,-պարզաբանեց Վարդան Այվազյանը։

Եթե քրեական գործ հարուցվի և վարչապետի լիազորությունները կասեցվեն՝ կառավարությունը պետք է որոշում կայացնի նրա լիազորությունները առաջին փոխվարչապետին փոխանցելու մասին։ Առաջին փոխվարչապետը կարող է ղեկավարել երկիրը մինչև հերթական ընտրությունները կամ էլ ԱԺ իշխող խմբակցությունը պետք է ընտրի նոր վարչապետ։

«Գործող օրենսդրությամբ որևէ խոչընդոտ չկա, որպեսզի դատախազությունը դիմումատուների դիմումին օրինական ընթացք տա և կատարի համակողմանի քննություն»,-ասաց իրավագետը։

Այսուհանդերձ, դատախազությունը «դավաճանություն» հանցակազմով քրեական գործ չի հարուցում, ավելին՝ խախտելով օրենսդրական բոլոր ընթացակարգերը և սահմանված 10-օրյա ժամկետը, չի էլ ասում՝ ի՞նչ է մտադիր անել․ ոչ քերական գործ է հարուցում, ոչ էլ հայտարարում է, որ հիմքեր չկան դա անելու համար։

2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով՝ պետական դավաճանություն՝ նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը նույնպես նման բովանդակությամբ հայտարարություն ներկայացրեց։

Կան նաև քաղաքական ուժերի կողմից ներկայացված հաղորդումները՝ հնարավոր դավաճանության մասին։

Վարչապետը դավաճա՞ն է, թե՞ ոչ, կարող էր պարզել համակողմանի քննությունը, որի հնարավորությունը, սակայն, նաև Վարդան Այվազյանի համոզմամբ, գրեթե չկա, քանի որ դա ոչ միայն իրավական, այլև քաղաքական գործընթաց է։

Այսուհանդերձ, փաստերը, որոնք դավաճանության կասկած են առաջացնում, բազմաթիվ են։ Վարդան Այվազյանը նշեց մի քանիսը․  օրինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համարում է, որ Փաշինյանը դավաճանություն է գործել, երբ առանց իրավական հիմքի, առանց միջազգային պայմանագրերի, աչքաչափով և բանավոր պայմանավորվածությամբ որոշել է ՀՀ պետական սահմանները։

«Ցավոք սրտի, այն, ինչի համար մեղադրում ենք վարչապետին, կրում է շարունակական բնույթ»,-ասաց իրավագետը։

Նա նշեց, որ քաղաքագիտական առումով «դավաճանություն» է այն, երբ իշխանության ղեկը ստանձնում են անհատներ, որոնք փաստացի որևէ ունակություն չունեն Սահմանադրությամբ ամրագրված՝ պետական իշխանության բարձրագույն մարմիների լիազորությունները կատարելու, էլ չասած՝ գիտելիքի առումով հազարավոր կիլոմետրեր հեռու են պետականությունից։

«Եվ, բնականաբար, նրանց գործունեությունը առաջացնում է այսօրվա վիճակը։ Եվ եթե պետական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարը չի իրականացնում կամ փաստացի ունակ չէ իրականացնելու իր գործառույթները, ապա դա իրոք դավաճանություն է»,-ասաց նա։

Վարդան Այվազյանը նկատեց, որ, այս առումով, դավաճանության համար կարելի է մեղադրել ոչ միայն գործող վարչապետին, այլև ԱԺ մեծամասնությանը և հանրապետության նախագահին, որոնցից ոչ մեկն իր գործառույթները չի  իրականացնում։

Աննա Բալյան