2020 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 987,7 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների շուրջ 71,3 տոկոսը: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
Նրա խոսքով, նախորդ տարի 1000 խոշոր հարկ վճարողները վճարել էին 1 տրլն 61 մլրդ դրամ, որը հարկային եկամուտների 72,5 տոկոսն է կազմել:
«Այսինքն 2020-ին 1000 խոշոր հարկ վճարողները շուրջ 74 մլրդ դրամով քիչ հարկ են վճարել, քան 2019-ին: Ընդհանուր առմամբ, 2020-ին հարկային եկամուտները 2019-ի հարկային եկամուտներից նվազ են մոտ 79 մրդ դրամով:
Սա շատ բնական է, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այն վիճակը, որ հայտնվեցինք 2020 թվականին կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով, իր ազդեցությունն է թողել բոլոր ոլորտների վրա»,-ասաց նա:
Անդրադառնալով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնող ընկերություններին, Մաշադյանը նկատեց, որ այստեղ զգալի փոփոխություններ չեն եղել. առաջին հորիզոնականում «Գրանդ Տոբակոն» է, որի վճարումները 2020-ին գերազանցել է 50 մլրդ դրամը (2019-ի համեմատ նվազել է 6,4 մլրդ դրամով):
Առաջին տասնյակում ունենք միայն մեկ փոփոխություն. «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը 2020-ին զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ նրա փոխարեն տասնայկում է հայտնվել «ՄՏՍ» կազմակերպությունը:
Ամենաշատ հարկերի ավելացում եղել է «ԳեոՊրոմայնինգ» կազմակերպության մոտ, հարկային եկամուտները 2020-ին ավելացել են 9,4 մլրդ դրամով: Սա Սոթքի հանքավայրն է եւ այն վիճակը, որ ունեցանք, իր ազդեցությունը կունենա 2021 թվականին:
Երկրորդ ընկերությունը, որ 2020-ին հարկային եկամուտների աճ է ունեցել, CPS-ն է, որը զբաղվում է վառելիքի ներմուծմամբ եւ իրացմամբ»:
Մաշադյանը նաեւ նշեց, որ 2020-ին ամենաշատ հարկային եկամուտ ապահոված ոլորտը առեւտրի ոլորտն է:
0Comments