Հաջողությամբ նիհարելու համար ամենեւին պետք չէ հետեւել խիստ դիետաների: Բժիշկ-դիետոլոգ Թամարա Ուիլները թվարկել է պարզ կանոններ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նրա խորհուրդները, news.am-ի փոխանցմամբ, ներկայացրել է The Sun պարբերականը:
Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին ցանկալի է ձեռք բերել օգտակար սովորություններ, որոնք երկարաժամկետ արդյունք կապահովեն: Դրանից բացի, անհրաժեշտ է հիշել, որ նիհարելու հարցում կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ միայն սնվելուն, այլեւ ընդհանրապես կենսակերպին:
«Անհրաժեշտ է հաշվի առնել, թե որքան ենք քնում, ինչպես ենք հաղթահարում սթրեսը եւ ծրագրում ենք արդյոք մեր սննդակարգը»,- ասել է դիետոլոգը:
Ամանորյա ճաշկերույթներից հետո մասնագետը խորհուրդ է տալիս կտրականապես հրաժարվել վնասակար մթերքներից: Դրա փոխարեն, աշխատեք կրկին «սիրահարվել» օգտակար մթերքներին, վայելեք համեղ, տանը պատրաստված ճաշատեսակները: Երբեմն կարելի է թույլ տալ մեկ բաժակ գինի եւ անգամ շոկոլադ, որը պարունակում է 70 տոկոսից ավելի կակաո:
Մասնագետի խոսքով՝ օրվա ընթացքում ցանկալի է հնարավորինս ակտիվ լինել: Օրինակ՝ սուրճ պատրաստելիս կարելի է տեղում վազել, իսկ ատամները մաքրելիս կատարել երկու նստում վարժություն: Օգտակար կլինի նաեւ առավոտը սկսել 10 րոպեանոց զբոսանքից կամ թեթեւ մարզումից: Մասնագետը կոչ է անում աշխատանքային օրվա ընթացքում ամեն ժամը մեկ ընդմիջել եւ թեթեւ մարզում անել՝ ձգում, թեթեւ ֆիզիկական վարժություններ կամ տեղում վազք:
«Ձեզ մի զրկեք այս կամ այն մթերքից՝ ձեզ թույլ տվեք այն ամենը, ինչն իսկապես ցանկանում եք, բայց ճաշելիս մի շտապեք եւ վայելեք կերակուրը»,- խորհուրդ է տալիս մասնագետը:
0Comments