Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է երկու ամիս առաջ: Պատերազմում պարտված Հայաստանում շատերի համար նման արդյունքն անակնկալ էր: Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ կանխատեսել էին Ղարաբաղյան պատերազմի արդյունքը մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանը սկսել էր նախահարձակ գործողությունները:
Նրանց թվում, ում կանխատեսումն իրականացել է, Ռուսաստանի ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն է: Москօвский Комсомолец պարբերականը հետաքրքրվել է նրանից, թե ինչի՞ վրա է հիմնված եղել կանխատեսումը, և ինչը չի հաջողվել կանխատեսել:
Խոսելով հակամարտությունում Թուրքիայի դերի և նրա շահերի մասին, Մակիենկոն ասել է. «Թուրքիայի դերը շատ մեծ էր: Անկարան, ավելի ճիշտ՝ նախագահ Էրդողանը փորձում է իրականացնել մի քանի ծրագիր: Դա նեոօսմանյան ծրագիրն է՝ վերականգնել վերահսկողությունն այն տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին եղել են Օսմանյան կայսրության մաս: Երկրորդ ծրագիրը պանթյուրքականն է:
Այսինքն՝ Էրդողանը ցանկանում է դառնալ թյուրքական աշխարհի առաջնորդ: Երրորդն իսլամական ծրագիրն է, որի նպատակը իսլամական աշխարհի առաջնորդ դառնալն է: Այս իմաստով, Ադրբեջանը Թուրքիայի համար կարևոր օղակ է: Էթնիկ առումով և լեզվաբանորեն սա Թուրքիային ամենամոտ երկիրն է: Նրանք արյունով եղբայրական ժողովուրդներ են: Եվ, հետևաբար, Ադրբեջանն, իհարկե, Էրդողանի պանթյուրքական նախագծի իրականացման առաջին օբյեկտն է: Գումարած աշխարհագրությունը: Թուրքերն Ադրբեջանի տարածքով մտնում են Կասպից ծով և կարող են հետագա ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայում և Վոլգայի շրջանում տիրող իրավիճակի վրա:
Այսինքն ՝ Ադրբեջանին հատկացված զանգվածային օգնությունն Էրդողանի ծրագրի իրականացման մաս է կազմում: Այս ծրագիրն իրականացնելու հետագա փորձերը կլինեն Ղազախստանում, Հյուսիսային Կովկասում, Վոլգայի շրջանում: Նրանք կանգ չեն առնի:
Պատկերացրեք նման սցենար. Թուրքիան միավորվում է Ադրբեջանի հետ, իսկ հետո կտրում է Հարավային Ադրբեջանը Իրանից: Այս դեպքում ձեռք է բերվում ավելի քան 100 միլիոն բնակչություն ունեցող միություն, թուրքական հզոր արդյունաբերություն և ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներ: Այսինքն ՝ դա կլինի աշխարհաքաղաքական մի սուբյեկտ, որի ուժը կհիշեցնի Օսմանյան կայսրության հզորությունը նրա ոսկե դարաշրջանում»,-նշել է փորձագետը:
Լրագրողի հարցին առ այն, թե արդյոք կարելի է ասել, որ Հայաստանի պես պետությունները չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց անվտանգությունն ու պայմաններ ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար, Մակիենկոն ասել է.«Հայաստանին շատ դժվար ժամանակներ են սպասում: Հայաստանի պետականության համար շատ մեծ ռիսկեր կան: Դրանք ռազմական աղետի արդյունք են: Միևնույն ժամանակ, ռիսկերը մեծապես սրվում են միջակ և անվճռական քաղաքական ղեկավարության պատճառով: Կարծում եմ ՝ այժմ կտրուկ սրվում է միգրացիան: Առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը կլքի մինչև 200 հազար մարդ: 2 միլիոն բնակիչ ունեցող երկրի համար սա աղետ է: Հայաստանի համար գոյատևելու միակ ճանապարհը Ռուսաստանի հետ ինտեգրման գործընթացների ամրապնդումն է: Չնայած դա աշխարհագրական առումով դժվար է անել: Մեկ այլ հարց. արդյո՞ք Ռուսաստանին սա հիմա պետք է»,-նշել է փորձագետը:
0Comments