Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է երկու ամիս առաջ: Պատերազմում պարտված Հայաստանում շատերի համար նման արդյունքն անակնկալ էր: Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ կանխատեսել էին Ղարաբաղյան պատերազմի արդյունքը մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանը սկսել էր նախահարձակ գործողությունները:
Նրանց թվում, ում կանխատեսումն իրականացել է, Ռուսաստանի ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն է: Москօвский Комсомолец պարբերականը, tert.am-ի փոխանցմամբ, հետաքրքրվել է նրանից, թե ինչի՞ վրա է հիմնված եղել կանխատեսումը, և ինչը չի հաջողվել կանխատեսել:
«Գլխավորը, թերևս, այն է, որ ոչ ես, ոչ էլ «Փոթորիկի սպասումով. Հարավային Կովկաս» գրքի հեղինակներից որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ ադրբեջանցիներն իրենց առջև ռազմավարական բնույթի այսպիսի վճռական նպատակներ կդնեն:
Մենք ենթադրում էինք, որ, ամենայն հավանականությամբ, նախքան ղարաբաղյան հիմնախնդրին վերջնական լուծում տալու փորձը, Ադրբեջանը կանցկացներ ավելի համեստ մասշտաբի առնվազն մեկ կամ երկու գործողություն՝ 2016-ի ապրիլի օրինակով:
Մենք չէինք սպասում, որ Բաքուն իր առջև խնդիր է դրել վճռական պարտության մատնել հայկական կազմավորումներին և վերականգնել վերահսկողությունը 1992-94 թվականներին կորցրած տարածքների և բուն Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա:
Ինչո՞ւ չէինք կարող սա կանխատեսել: Մեր նախորդ հարցազրույցը տեղի է ունեցել նախքան 2018-ի մայիսը, երբ ցույցերի արդյունքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանի փոխարեն: Եթե Հայաստանում ղարաբաղյան հին քաղաքական վերնախավը մնար իշխանության, 2020-ի աշնանը ռազմական իրավիճակն, ամենայն հավանականությամբ, այլ կլիներ:
Հնարավոր է, որ Բաքուն պարզապես չէր համարձակվի նման լուրջ գործողություն ձեռնարկել: Այսինքն ՝ 2018-ի սկզբին դեռ պարզ չէր, թե որքան անօգնական ղեկավար է Փաշինյանը: Մի բան է, երբ պետության ղեկավարն իրական պատերազմի միջով անցած մարդ է, եթե խոսենք, օրինակ, Քոչարյանի մասին, իսկ մեկ այլ բան, երբ պետության գլխին լրագրող է:
Ավելին, Փաշինյանը հիշեցնում է մեկ այլ անհաջողակի, որը պատասխանատու է իր ժողովրդի ծանր պարտությունների համար: Կար Ադրբեջանի այդպիսի նախագահ` Էլչիբեյը, որի օրոք ադրբեջանական բանակը կրել է աղետալի պարտություններ, իսկ երկիրն ունեցել է տարածքային մեծ կորուստներ: Նախագահ դառնալուց առաջ նա ուսումնասիրում էր հին տեքստեր և թարգմանում էր արաբերենից: Իսկ հետո նա սկսել էր կառավարել պետությունը՝ այդ պետության համար տխուր արդյունքով: Պատմությունը երբեմն կարող է սարկաստիկ լինել:
Մենք ԽՍՀՄ-ում նույնպես անցել ենք դրա միջով, երբ պետության գլխին կանգնած էր պսևդոփաստաբան: Ֆորմալ առումով ՝ փաստաբան, որն, ըստ էության, ուսման ընթացքում համալսարանում եղել է կոմսոմոլի քարտուղար: Ես խոսում եմ Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի մասին, որը փաստացիորեն բարձրագույն կրթություն չուներ: Նրա փայլուն ղեկավարման արդյունքը քաջ հայտնի է բոլորիս:
Սա առաջին հանգամանքն է, որը մենք չէինք կարող հաշվի առնել: Մենք չգիտեինք, որ Հայաստանում քաղաքական վերնախավը կփոխվի, և որ նոր քաղաքական ղեկավարությունն այդքան միջակ կլինի:
0Comments