Եղբայրս՝ Ռուստամ Գասպարյանը, մտավ բունկեր՝ Ջալալի մոտ, Ջալալն ասեց՝ զենք չկա, հիմա Նիկոլն ասում է՝ կա

Հետո խրամատներում, հողի տակ տեսնում ենք Կորնետ, սնայպեր և այլ զենքեր, որը թողել էին ու նահանջել, անգամ այդ տեխնիկան չէին տարել. նվեր էին թողել Ադրբեջանին
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ ուղիղ եթերի՝ դեմ առ դեմ ինձ հետ խոսելու, ինձ նայելու ու իմ հարցերին պատասխանելու համար։ Երկրի վարչապետին առաջարկում եմ ուղիղ եթերում պատասխանել իմ հարցերին, որպեսզի ժողովուրդը դա տեսնի, նա պարտավոր է դա անել, իսկ եթե հրաժարվի գալ ուղիղ եթերի, ապա ես կհամարեմ, որ երկրի առաջին դեմքը եթե չունի կարևոր հարցի պատասխանը, թե ում դավաճանության արդյունքում կորցրեցինք հայրենիքը, նշանակում է` դավաճանն ինքն է։

Եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու ամբողջ իրավական լծակները նրա ձեռքի տակ են, ու նա չի բացահայտվում, թե ինչո՞ւ ոչնչացվեց մի ամբողջ երեք սերունդ, ինչը ես ուղղակի համարում եմ ցեղասպանություն, ուրեմն դավաճանն ինքն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Սև Հովազ»  ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ  Գասպարյանը՝ ընդգծելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում պարտություն կրեցինք, որովհետև չկա մի հրամանատար, որը կարող է ասել, որ երբևէ լսել է ոչ թե նահանջ, այլ հարձակում հրամանը։

«Անընդհատ նահանջ, նահանջ, նահանջ. սա է եղել»,- ասաց Գասպարյանը` նշելով, որ դավաճանության արդյունք է համարում նաև իր եղբոր և եղբորորդու մահը։

«Բայրաքթարը երբեք 4 հոգու չէր խփի։ Կոնկրետ կոորդինատները տրված էին, խփեց, որից 20 րոպե հետո ադրբեջանական մամուլը գրեց, որ եղբայրս՝ Սև Հովազը, մահացել է, թեև նրա մահվան մասին դեռ չգիտեին, դեռ նրան հոսպիտալ էլ չէինք հասցրել։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ դավաճանություն։ Ռուստամն ասել էր, որ դավաճաններին չենք ներելու, որովհետև մենք արդեն հասկացել էինք, որ կա դավաճանություն,- ասաց Գասպարյանը՝ հավելելով,– Նիկո՛լ Փաշինյան, դու անգամ մի դավաճանի չես կարողանում գտնես, տո՛ւր ինձ մանդատ, ես մեկ ամսում դավաճաններին կբացահայտեմ, կդնեմ քո առաջ, հնարավոր է՝ նաև բանը հասնի քեզ»։

Հարցին՝ ո՞ւմ էր խանգարում Ռուստամ Գասպարյանը, Սերոբ Գասպարյանը պատասխանեց.

«Խանգարում էր իշխանություններին, որովհետև պայքարում էր համակեցության, այլասերվածության դեմ»։

Հարցին՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ այս պատերազմը դավաճանության հետևանքով պարտվելու մասին չեն խոսում բանակի զինվորական վերնախավը և ինչո՞ւ են պահպանում լռություն, Ռուստամ Գասպարյանը պատասխանեց.

«Հիմա տեսեք. Ջալալից զենք ուզեցինք, ասաց՝ չկա, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ մեր պահեստներում շատ զենք կար։ Ջալալը, որը պատերազմի ժամանակ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, մեզ ասում էր՝ զենք չկա, Նիկոլն ասում է՝ կա. հիմա ո՞վ իրեն ասաց՝ չտաս զենք, ինչո՞ւ չի խոսում Ջալալը, թող խոսի»,- ասաց Գասպարյանը։

Ճշտող հարցին՝ Ջալալ Հարությունյանի լռությունն ինչո՞վ է պայմանավորում, Ռուստամ Գասպարյանը պատասխանեց.

«Պայմանավորվածությամբ։ Ես կխոսեի, կորցնելու ոչինչ չունեմ, եթե այստեղից դուրս գամ ու ինձ գնդակահարեն, միևնույն է՝ կորցնելու բան չունեմ, ուրախ կլինեմ, որ կմիավորվեմ եղբորս հետ, իսկ այն ազատամարտիկներին, որոնք այսօր կաշկանդված են, հարց եմ տալիս՝ տղե՛րք, ինչի՞ց եք վախենում, խոսե՛ք։ Այն, որ Արծրունն ասում էր, թե տակտիկական նահանջ է, այո՛, տակտիկական նահանջ էր՝ հողերը տալու համար, իսկ դա իմանալն ու չխոսելը նշանակում է՝ լինել հանցակից թշնամու հետ, նշանակում է՝ դու ուզում ես, որ քո տունը քանդեն։ Այս իշխանությունը բերել էր թշնամու հետ համակեցությամբ ապրելու ծրագիրը, ու դա է նաև դավաճանություն»։

Սերոբ Գասպարյանի խոսքով՝ այս պատերազմում պարտություն կրեցինք նաև, որովհետև անհրաժեշտ մակարդակով զինված չէինք, չունինք ամենաանհրաժեշտ զինտեխնիկան։

«Հյուսիսից երբ մեզ տեղափոխեցին ամենաթեժ վայրը՝ Հադրութ, եղբայրս՝ Ռուստամ Գասպարյանը, մտավ բունկեր, Ջալալի մոտ, ասաց, որ մենք ընդամենն ունենք պուլիմյոտներ, տեխնիկայի դեմ չենք կարող կռվել, տվեք մեզ Կորնետ, ասաց՝ չունենք։ Եվ այդ չունենքով մենք գնացինք տանկերի դեմ կռվելու և մեկ էլ «Թութակներ» կոչված դիրքերում խրամատներում, հողի տակ տեսնում ենք Կորնետ, սնայպեր և այլ զենքեր, տեխնիկա, որը թողել էին ու նահանջել, և այդ նահանջի ժամանակ անգամ այդ տեխնիկան չէին տարել։ Նվեր էին թողել Ադրբեջանին»,- ասաց Գասպարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում