Արայիկ Հարությունյանի որոշումը կապված է եղել նրա հետ, որ նոր խաղ է սկսվում. ՏԱՐԱՍՈՎ

Ղարաբաղի կարգավիճակը սկսում է նորովի որոշվել. ձևաչափը կորոշվի ոչ թե ելնելով նրանից, թե ինչպիսին կլինեն տարածաշրջանում փոխհարաբերությունները, այլ նրանից, թե ինչպիսին կլինեն Մերձավոր Արեւելքում հարաբերությունները
Live24.am-ը ներկայացնում է

արայիկ

Իրադարձությունների զարգացման սցենարներից մեկը կարող է լինել այն, որ կարգավիճակը կարող է որոշվել ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա հիշեցրեց, որ Պուտինն երկու անգամ իր հարցազրույցում հիշեցրել է, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը խոսում է այն մասին, որ Ղարաբաղն իրավաբանորեն գտնվում է Ադրբեջանի հսկողության գոտում:

«Երկրորդ պահը՝ Ղարաբաղի ոչ մեծ հատվածում գտնվում են ռուս խաղաղապահներ, որոնք եւս իրավաբանորեն գտնվում են Ադրբեջանի տարածքում: Երրորդ պահը կարգավիճակն է: Եթե ավելի վաղ Հայաստանը հանդես էր գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր, ապա այսօր այդ երաշխավորը Ռուսաստանն է: Ինչ վերաբերում է Բաքու եւ Երեւան համանախագահների այցին եւ հետագա հայտարարություններին, ապա կարելի է ընդհանուր առմամբ ասել, որ համաշխարհային դիվանագիտությունը պարտվել է: Այն չի կարողացել ժամանակին առաջարկել արդյունավետ սցենար, եւ ամենակարեւորը, չի կարողացել կանխել պատերազմը: Եթե 2016 թվականի ապրիլին եղել են ինչ-որ թաքնված սցենարներ, ապա այստեղ բոլորը գիտեին, որը պատերազմը կսկսվի, սակայն չգիտեին՝ երբ: Քիչ թե շատ ակտիվություն է ցուցաբերել Ռուսաստանը՝ հասկանալով, որ մենակ է, սահմանափակվել է ՀԱՊԿ շրջանակում գործողությունների ձեւաչափով, եթե Հայաստանի տարածքը ագրեսիայի ենթարկվի: Իհարկե, Մոսկվան ակնկալում էր, որ Երեւանն այդ իրավիճակում կճանաչի Ղարաբաղը, ինչը կփոխեր իրավիճակը: Բացի այդ, եթե հայերը մնային, եւ սիրիացի վարձկանները ներթափանցեին ավելի խորը հակամարտության գոտում, ապա ղարաբաղյան հակամարտության հանդեպ վերաբերմունքն այլ բնույթ ձեռք կբերեր, եւ այն հնարավոր կլիներ դիտարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ալիեւի պահվածքին եւ Ղարաբաղի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելուն ՝ հղում անելով ռուս համանախագահի բացակայությանը, ապա, ինչպես նշեց փորձագետը, Մոսկվան ֆորմալ առումով ներկայացվել էր Ադրբեջանում դեսպանի եւ Հայաստանում ժամանակավոր հավատարմատարի միջոցով:

«Արայիկ Հարությունյանի որոշումը կապված է եղել նրա հետ, որ նոր խաղ է սկսվում: Ղարաբաղի կարգավիճակը սկսում է նորովի որոշվել: Այն չի որոշվի վաղը կամ մյուս օրը, ինչպես կարծում է Փաշինյանը: Ղարաբաղում 5 տարով ռուս խաղաղապահներ են մտցվել, եւ այդ ժամկետը հնարավոր է երկարաձգել: Այսինքն՝ ձեւաչափը կորոշվի ոչ թե ելնելով նրանից, թե ինչպիսին կլինեն տարածաշրջանում փոխհարաբերությունները, այլ նրանից, թե ինչպիսին կլինեն Մերձավոր Արեւելքում հարաբերությունները: Բացառված չէ, որ Հայաստանի հետագա վերածնման մայրաքաղաք կլինի ոչ թե Երեւանը, այլ Ստեփանակերտը: Հենց Ղարաբաղում, հատկապես՝ Ստեփանակերտում, դրված են հայկական պետականության հիմքերը»,-ընդգծեց Տարասովը: