Ամենաուշը 6 ամսից մենք ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ թե դրանք ո՞վ կկազմակերպի՝ ես չգիտեմ․ Է. Մարուքյան

Հայաստանի քաղաքական պատմության մեջ ընդդիմության պահանջը մեկ անգամ է բավարարվել՝ երբ Նիկոլ Փաշինյանը պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը

էդմոն

Ես տեսնում եմ, որ ամենաուշը 6 ամսից մենք ունենալու ենք խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ տարի կձգձգի և հրաժարական չի տա։

«Թե դրանք ով կկազմակերպի՝ չգիտեմ։ Գուցե սխալվում եմ, եթե սխալված կլինեմ, կքննարկենք, թե ինչու դա տեղի չունեցավ»,-ասաց նա։

Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները վայր դնեն մանդատները, Մարուքյանն ասաց, թե նման հանրային կարծիք գոյություն չունի։ «Եթե ընդդիմությունը մանդատները վայր է դնում, յուրաքանչյուր դրված մանդատի հետևից մանդատ է վերցնում ցուցակի հաջորդ համարը։ Այսինքն՝ եթե մենք դնենք մեր 18 մանդատները, մեր ցուցակից 18 հոգի մանդատ է ստանալու։ Դրա արդյունքում խորհրդարանը չի ցրվում, ճգնաժամ չի առաջանա, հետևաբար դա ցածր իրավագիտակցության արդյունքում ձևավորված պահանջ է»,-ասաց նա։

Մարուքյանը նշեց, որ երբ ԱԺ նիստ են բաց թողել, իրենց ընտրողներն արձագանքել են, որ պատգամավորները պետք է մասնակցեն ու հարցեր ուղղեն, և քանի որ իրենք՝ որպես խորհրդարանական ուժ, ԱԺ ամբիոնն օգտագործելու հնարավորություն ունեն, ճիշտ չեն համարում բաց թողնել նիստերը։ «Դա որևէ բան չի փոխում մեր պահանջների իմաստով, կարող եմ ֆեյսբուքյան իմ էջում «դուխով» հայտարարություններ անել, դա մի բան է, մեկ այլ բան է վարչապետի աչքերի մեջ նայելով՝ պահանջել նրա հրաժարականը»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ Փաշինյանի՝ հրաժարական չտալու դեպքում ստացվում է, որ ընդդիմության պահանջն անկատար է մնում, Մարուքյանն արձագանքեց, որ  Հայաստանի քաղաքական պատմության մեջ ընդդիմության պահանջը մեկ անգամ է բավարարվել՝ երբ Նիկոլ Փաշինյանը պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Հարցին՝ պատրաստվու՞մ են ինչ-որ քննարկումներ անել իշխանության հետ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ, Մարուքյանը պատասխանեց, թե որևէ քննարկման մասին տեղեկություն չունի։

«Եթե խոսքն Ընտրական օրենսգիրքն ընդունելու և հետո ընտրությունների գնալու մասին է, բնականաբար պետք է քննարկումներ լինեն, որովհետև խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար։ Եթե այսօր ընդունենք Ընտրական օրենսգիրքը, ուրեմն՝ ընտրությունները պետք է անցկացնենք 6 ամիս հետո, եթե Ընտրական օրենսգիրքը մնա այնպես, ինչպես կա, մենք կարող ենք վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Խաղի կանոնների մեջ է մտնում նաև քաղաքական կամքը, օրինակ՝ ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին կալանավորելը, քրեական գործ հարուցելը, մեդիայով բոլորին հավասար հնարավորություններ տալը»,-ասաց նա։

Տեսանյութը՝ Թերթ.am-ի