Ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդն ուզում է ընտրություններ, թե ոչ. Ալեն Սիմոնյան

Նա նշեց, որ իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներ սկսել դրանում շահագրգռված ուժերի հետ

ալեն սիմոնյան

Հայաստանում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ կեղծել են այդ ընտրությունները, որոնք ցուցակներով ու «Գազելներով» բերել են ընտրության: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Նաեւ դա է եղել պատճառ, որ մենք պատերազմը ձախողել ենք, թեպետ հասկանալի է, որ Թուրքիայի դեմ պատերազմելը հեշտ բան չի, բայց այնուամենայնիվ, մեր մեղքք 2,5 տարվա մեջ չի, ստորագրած փաստաթղթր մեջ չի, մեր մեղքը վերջին 30 տարվա մեջ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները թեեւ չեն բացառում արտահերթ ընտրությունները, սակայն կոնկրետ այդ մասին բան չեն ասում, ժամկետներ չեն նշում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Երեկ վարչապետը բաց տեքստով այդ հարցին պատասխանեց: Պատգամավորը հարցրեց՝ արդյոք կարելի է ենթադրել, որ սա հրավեր է, ասաց՝ այո: Վարչապեն ասաց՝ եկեք այդ հարցի հետ կապված քննարկում սկսենք: Ես չեմ բացառում, որ կլինեն արտահերթ  ընտրություններ, բայց դրա մասին պետք է խոսակցություն լինի: Այսօր Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տալիս եւ ասում է՝ մենք պատրաստ չենք, մենք չենք ուզում այդ ընտրությունները:

Ո՞վ ասաց, որ իր ասածը ճիշտ է: Ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդն ուզում է ընտրություններ, թե ոչ: Կարող է՝ Էդմոն Մարուքյանը կամ որեւէ ուրիշ մեկը պետք է որոշի: Ո՞նց է մարդկությունը այդ հարցի պատասխանը տալիս՝ արտահերթ կամ հերթական ընտրություններով: Վերջիվերջո մարդը, որ ոչ կուսակցություն ունի, ոչ վարկանիշ ունի, որի հետեւում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ն, իրենք բոլորով որոշել են, որ ժողովուրդը մեկ տարի ոչ մի բանի մեջ չպետք է խառնվի: Իրենք պետք է որոշեն, ընտրակեղծարարների համակարգը վերականգնեն, հետո տանեն ընտրությունների՞: Չի լինելու այդպես: ՀՀ ժողովուրդն է որոշելու»:

Նա նշեց, որ իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներ սկսել դրանում շահագրգռված ուժերի հետ. «Վարչապետի հայտարարությունը խոսում էր դրա մասին»: