Մոսկվան աջակցեց Ռոբերտ Քոչարյանին՝ արդարության տեսանկյունից, բայց ակնկալել, որ Մոսկվան իր թեկնածուին է առաջադրելու, պետք չէ. Կոլերով

Պետք չէ պատրանքներ ունենալ

կոլերով
«Վոժդիզմը Հայաստանը հանգեցրեց աղետի»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և Մոսկվայի դիրքորոշմանը։

Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ հայաստանյան հասարակության մի մեծ հատված դեռ սատարում է Նիկոլ Փաշինյանին, և դա Նիկոլ Փաշինյանը գիտի։

«Մյուս կողմից՝ Վազգեն Մանուկյանը տեխնիկական ֆիգուր է, նա կարող է ձեռնտու լինել, նա փորձառու մարդ է, հեղինակավոր, բայց այդ ֆիգուրը հարմար է միայն Փաշինյանի ռեժիմի չեզոքացման համար, եթե նա կհամաձայնի, այսինքն՝ դա հուղարկավորող թիմ է։ Ամենակարևորն այն է, որ չկա ակնհայտ, միանշանակ այլընտրանք հասարակական ընկալումներում, այսինքն՝ նաև հայկական քաղաքական ավանդույթներում չկան հաջողված կոալիցիաներ»,- ասաց Կոլերովը։

Նրա խոսքով, միակ արդյունավետ կոալիցիան ժամանակին եղել է Դեմիրճյան-Վազգեն կոալիցիան, որին կրակեցին հոկտեմբերի 27-ին։

Ռուս վերլուծաբանի կարծիքով՝ հակառակորդների թուլության պատճառով Փաշինյանը կարող է անվերջանալի, երկար անտեսել հրաժարականի պահանջները։

«Ինձ համար կասկածի ենթակա չէ Փաշինյանի հրաժարականի պահանջի արդարացիությունը, նա պատասխանատու է ոչ միայն պարտության, այլև այն երկարատև ստի համար, որ՝ ամրապնդվում են, ամեն ինչ աշխատում է, ընթանում է վերազինում, «Արցախը Հայաստան է»․․․ երկարատև սուտ այն մասին, թե որքան հիանալի է ամեն ինչ․․․ Եվ նրա ասած «այդ հիանալի ամեն ինչը» փոշիացավ մի քանի օրվա ընթացքում։ Փաշինյանը պետք է քաղաքականապես պատասխանատվություն կրի այդ ամենի համար, նա պետք է պատասխանատվություն կրի մի քանի հազար զոհվածների համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը դա չի զգում, նա անբարոյական մարդ է, բայց քաղաքական գործիչը պետք է գործի ոչ այն պատճառով, որ լավն ու վատն է, այլ պետք է գործի այնպես, ինչպես պետք է և ընդունված է հասարակությունում։ Ե՛վ Հայաստանի նախագահն ասաց, և՛ երկու կաթողիկոսներն ասացին, բայց ես վստահ չեմ, որ Փաշինյանը կլսի, նրա թիկունքում կանգնած է պասիվ հասարակական մեծամասնությունը, և դրան հակադրվում է թույլ ընդդիմությունը, որը չունի միանշանակ առաջնորդ, ինչը վատ է։ Խնդիրը նաև այն է, որ կոալիցիան հայկական ավանդույթներում չկա, բայց վոժդիզմը ևս երկիրը հանգեցրեց աղետի, պետք է անկեղծ ասել, որ այս ամենը վոժդիզմի հետևանք է, կույր հավատի այդ մեկ անձի՝ Փաշինյանի նկատմամբ, և ակնթարթորեն դա փլվեց»,- ասաց Կոլերովը։

Նա նշեց, որ չգիտի, թե որքան կարող է շարունակվել ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակը։ «Բայց որքան երկար է Փաշինյանը մնում իշխանության, եթե նույնիսկ նրան սիրում է հասարակության մեծամասնությունը, այն ավելի շատ է ոչնչացնում պետությունը»,- ընդգծեց Կոլերովը։

Վերջինս կրկնեց արդեն այն, ինչ բազմիցս ասել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանը չի լինելու այն գործոնը և այն երկիրը, ինչ Լեռնայի Ղարաբաղի հետ էր։

«Այն, որ Փաշինյանը արագ և հեշտորեն ազատվեց Լեռնային Ղարաբաղից՝ չնայած այս ամենին, նշանակում է, որ նա դա չի հասկանում»,- ասաց Կոլերովը։

Հարցին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ինչպե՞ս պետք է ընկալել ՌԴ իշխանությունների գովաբանությունները՝ ուղղված Փաշինյանին, արդյո՞ք դա աջակցություն է, Կոլերովը պատասխանեց, որ Մոսկվան չի աջակցում, դա աջակցություն չէ, դա ընդամենը սիրալիրություն է, պետք չէ դա որակել ավելին, քան կա։

«Դա սիրալիություն է այն կողմի հանդեպ, որը հայտարարություն է ստորագրել և պետք է իրականացնի այն, չկա որևէ կուսակցական և անձնական աջակցություն դրանում։ Դա խոսք է այն մասին, որ Փաշինյանը կիրականացնի ստանձնած պարտավորությունները»,- ասաց Կոլերովը՝ շարունակելով, որ Մոսկվան այլ ներքաղաքական հարցերով չի զբաղվում, պետք չէ պատրանքներ ունենալ, Մոսկվան աջակցեց Ռոբերտ Քոչարյանին՝ արդարության տեսանկյունից, բայց ակնկալել, որ Մոսկվան իր թեկնածուին է առաջադրելու, պետք չէ։

«Մոսկվան ինքը բազում խնդիրներ ունի»,- ասաց Կոլերովը։

ՀԳ Մոդեստ Կոլերովը գտնվում է կորոնավիրուսից բուժման փուլում, ուստի հնարավոր չեղավ նրա հետ այլ հարցեր քննարկել։

Աղբյուրը՝ 168.am