Ով չգիտի, թող իմանա

Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը

վազգեն

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ով չգիտի, թող իմանա`
Վ. Մանուկյանը 1992թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը:Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը.

1. Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական լայնածավալ հարձակումը: Վճռական հակագրոհով հայկական ուժերը թշնամուն հետ շպրտեցին ելման դիրքերից և ազատագրեցին 2 տարի առաջ Ադրբեջանի կողմից զավթված զգալի տարածքներ:

2. Երկօրյա արյունահեղ մարտերի ընթացքում, չնայած երկուստեք ծանր կորուստներին, լիովին ձախողվեց հյուսիսից հասցված զանգվածային հարվածի օգնությամբ Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:

3.Արցախի ինքնապաշտպանական ուժերը Մարտակերտի ռազմաճակատում սկսեցին վեցօրյա (նոյեմբերի 10-15-ը) հարձակողական օպերացիան, որի ընթացքում ազատագրվեցին թշնամու հունիս-հուլիսյան մեծ հարձակման ընթացքում գրավված Վաղուհաս, Հարությունագոմեր, Կճողուտ և Չլդրան գյուղերը:

4.Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:

5.ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից սկսվեց և մինչև ապրիլի 3-ը շարունակվեց Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրման օպերացիան, որի շնորհիվ վերացվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև խրված սեպը (շուրջ 2000 քառակուսի կիլոմետր), ոչնչացումից փրկվեցին հարյուրավոր հնագույն պատմաճարտարապետական կառույցներ, այդ թվում` 4-13-րդ դարերում ստեղծված Դադիվանքը:

6. Իրականացվում է Կապանի օպերացիան, որի մասին Վազգեն Մանուկյանը տեղյակ չի պահել այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ վերջինս դեմ էր նման գործողություններին՝ համարելով միջազգային հանրության կողմից ոչ ընդունելի: Կապանի օպերացիան կանխորոշում է պատերազմի ելքը»: