Սեդրակ Առուստամյանն ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց

Մանրամասներ

սեդրակ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։

Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը։

Նշենք, որ Առուստամյանն անցնում մի քանի քրեական գործերով։

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել Առուստամյանին՝ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը)։ Այդ քրեական գործն արդեն դատարանում է։

Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող ենթադրյալ դեպքերով հարուցված քրեական գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նշենք, որ մեկ այլ քրեական գործով, ըստ Դատախազության հաղորդագրության՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել 2008-2014 թթ ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային եւ մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու եւ այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին։ Ինչպես նաեւ, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու եւ քողարկելու համար վերջիններիս եւ Ս․Ա-ի միջեւ կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 եւ 13.400.000 ԱՄՆ դոլարի

Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՔՕ 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը):

Մյուս քրեական գործը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը, որի շրջանակում Սեդրակ Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններից խուսափելու համար։