Ադրբեջանը կարող է վիրուսների ու բակտերիաների միջոցով թունավորել ջուրը․ դա կարող է էպիդեմիաներ առաջացնել

Մանրամասներ

1

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր․ «Խոսում ենք այն մասին, որ Արփա, Որոտան գետերը մնացել են Քարվաճառում, կարող է Սեւանը թունավորեն»։

Բնապահպան Սիլվա Ադամյանը հարցին, թե իրատեսակա՞ն է նման վտանգը, ասաց․ «Վտանգ միշտ կա, պատերազմական իրավիճակ է, եւ դա պետք է վերաբերի ոչ միայն Արցախում հոսող ջրային մակերեսներին, այլեւ՝ Հայաստանի։ Ինչ վերաբերում է Հայաստանն ու Արցախն իրար կապող ջրային մակերեսներին, հավատացնում եմ՝ եթե դրա մասին գիտենք մենք, գիտեն նաեւ մեր թշնամիները, լավ ուսումնասիրել են, հրաշալի գիտեն, թե որը որտեղից ուր է հոսում, եւ ինչ կարող են անել։ Նման վտանգ միշտ կա բոլոր պատերազմների ժամանակ, կիրառվում են տարբեր տեսակի միջոցներ։ Ջրային թունավորում առաջացնող միջոցներից․․․ ես չեմ ուզում վախեցնել ոչ մեկին, բայց մեկ անգամ էլ ասել եմ, որ կա կենսաբանական զենք, որը վիրուսների ու բակտերիաների միջոցով կարող է թունավորել ջուրը, եւ դա կարող է բերել հսկայական տարածվածության տարբեր տեսակի էպիդեմիաների։ Դրանք տարատեսակ էպիդեմիաներ են, եւ պետք էլ չէ, որ մամուլում հիմա գրեք, որովհետեւ ժողովուրդն էլ է մեղք, առանց այդ էլ սթրեսի մեջ է։ Բայց որ վտանգը կա, միանշանակ է»։

Այսինքն՝ ըստ Ադամյանի, վտանգը կա, եթե չկա հսկողություն ու վերահսկողություն։ Ադամյանը՝ ինքը, ԽՍՀՄ օրոք 20 տարի աշխատելով համարյա ռազմական նշանակության  Հակաժանտախտային կայանում՝ լավ գիտի, որ անգամ Սովետական Միությունում, որտեղ բացառված էին դիվերսիաները, օրը 2-3 անգամ գետերի ջրերից «պրոբաներ»՝ անալիզ էին վերցնում։ Սիլվա Ադամյանը հույս ունի, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին նվիրված շարժական լաբորատորիաները նաեւ այդ նպատակին են ծառայում եւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքներից հոսող գետերում ջրի փորձաքննություններ են անցկացվում։ Ադամյանը հիշեցնում է, որ այս գետերի ջրերով ոռոգվում են գյուղատնտեսական տարածքներ։