Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող՝ ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք բարձրաձայնվել են այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, մեծ հանրահավաքի ժամանակ կներկայացվեն: Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ  անդամ Արծվիկ Մինասյանը:

Այս ընթացքում ռազմական դրությունը չվերացնելու մասով Մինասյանը նշեց, որ սա պայմանավորված է իշխանության սարսափով: «Կառավարությունը սարսափում է օր առաջ պաշտոնազրկումից և աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բոլոր հնարավոր սահմանափակումները պահպանել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ այս աթոռապաշտին, դավաճանության հիմնական կրողին հեռացնենք այդ աթոռից»:

Մինասյանը նշեց, որ ռազմական դրությունը պահպանելու որևէ անհրաժեշտություն չկա և իշխանությունն իրենց անգործությունն ու վախերը փորձում են քողարկել այս իրավական ռեժիմը պահելու մեջ:

«Եթե Փաշինյանը չի գիտակցում, որ նա այլևս որևէ նորմալ դրական արդյունք տվող չէ, ուրեմն նա կորցրել է նաև մտածելու ունակությունը: Ակնհայտ է, որ ՌԴ-ի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի քաղաքականությունը պատճառներից մեկն է, որ մենք հասել ենք այսօրվան, հետևաբար, համոզված եմ՝ ցանկացած նոր իշխանություն, որն ունակ կլինի ՌԴ-ի հետ արդյունավետ դաշնակցային հարաբերություններ ձևավորել, ՌԴ-ն ընդունելու և համագործակցելու է այդ իշխանության հետ»,-նշեց Մինասյանը:

Տեսանյութը՝ tert.am-ի