Մոսկվան հետաքրքրված չէ միութենական պետություն ստեղծելով. ճիշտ հակառակը՝  Հայաստան պետությունը պահելու կողմնակից է

Ինտեգրացիոն կառույցներ կան, և Հայաստանը դրանց անդամ է, իսկ միութենական երկիրը ենթադրում է լիովին այլ պատասխանատվություն, այլ աշխատանք, ներկայումս ռեալ նման ցանկություն չկա, նման հարց չի դիտարկվում. Ստանիսլավ Տարասով
Live24.am-ը ներկայացնում է

պուտին

Այվազյանից ռուսական կողմն ակնկալելու է նոր շեշտադրումներ

168am-ի հետ զրույցում, անդրադառնալով Այվազյանի առաջիկա այցից ռուսական ակնկալիքներին, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ռուսական պատկերացումներին, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ ասաց, որ Այվազյանը փոխարինում է Զոհրաբ Մնացականյանին, ով փորձառու կադրային դիվանագետ էր, իր ողջ կյանքում աշխատել էր արտերկրում, և նրա նշանակմամբ Փաշինյանը հույս ուներ իրականացնել արդյունավետ բազմավեկտոր քաղաքականություն՝ հաշվի առնելով Մնացականյանի արտերկրի փորձն ու կապերը։

«Փաշինյանի քաղաքականությունն էր նա փորձում վարել՝ հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ կապեր Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ։ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ այդ քաղաքականությանը ոչ ոք աշխարհում չի աջակցում, դա նաև ցույց տվեց, թե ինչպիսի գործընկեր է Ռուսաստանը Հայաստանի համար։ Ներկայումս ԱԳՆ ղեկավարի փոփոխությունը դիտարկվում է՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն, բայց դա Փաշինյանի քաղաքականությունն է, իսկ փոխվե՞լ է արդյոք Փաշինյանի քաղաքականությունը, նրա դիրքորոշումները դեռ չենք զգում։

Այնուամենայնիվ, այցի առաջին ուղղությունն այն է, որ Մոսկվան հետևելու է, թե ինչպես է փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ինչ որոշումներ են կայացվելու՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում և համաձայնությունները։ Մոսկվայի համար այս պահին կարևոր է, որպեսզի կողմերը հետևեն եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որն էլ կլինի այս այցի բովանդակությունը։ Շատ կարևոր հարցեր կան և հայաստանյան դիվանագիտության առջև առաջիկայում լուրջ խնդիրներ են բացվելու, քանի որ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի, պետք է այն սկսել զրոյից, նոր կետերից, քննարկել Արցախի կարգավիճակի հարցը, և այս ֆոնին շատ կարևոր է, թե ինչպես է իրեն դրսևորելու Հայաստանը։ Սա առանցքային հանգամանք է, թե ինչպես է վերանայելու իր արտաքին քաղաքականությունը և ինչպես է աշխատելու իր գլխավոր գործընկերոջ հետ։ Իհարկե, չենք կարծում, որ Հայաստանը չպետք է համագործակցի իր մյուս գործընկերների և ողջ աշխարհի հետ, սակայն իրավիճակ է փոխվել, և Ռուսաստանն իրեն դրսևորել է՝ որպես գլխավոր գործընկեր, Հայաստանին չաջակցեց ոչ մի այլ երկիր։ Այցից ակնկալիքներն այս հանգամանքի վրա են»,- մանրամասնեց Տարասովը՝ ըստ էության ակնարկելով, որ ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի անվերապահ փոփոխություն ռուսական ուղղությամբ։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը, ով Մոսկվայի կողմից դիտարկվում էր՝ որպես արևմտամետ գործիչ, իրենց կարծիքով՝ այլևս ռուսամե՞տ է դարձել, Տարասովը պատասխանեց, որ Փաշինյանի հետ կապվում է շատ լուրջ պարտություն, բոլորն են դա հասկանում։

Ըստ նրա, Մոսկվան և այլ գործընկերները նրան դեռ աջակցում են, այսպես ասած, հանուն Հայաստանի պետականության, որպեսզի իշխանության փոխանցումն անցնի սահմանադրական ճանապարհով։ «Բոլորն են հասկանում, որ նա ապագա չունի, Փաշինյանի ապագան չենք տեսնում։ Նոր Հայաստան պետք է լինի, նոր կոնցեպցիա, նոր մարդիկ»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ Մոսկվան չի միջամտում ներքին քաղաքականությանը։

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս Մոսկվան կդիտարկի այն, որ պահպանվի կամ գուցե խորացվի բազմավեկտոր քաղաքականությունը, Տարասովն ասաց, որ կարող է և այդպես լինել։ «Շատ հետաքրքիր հարց է։ Մեր խաղաղապահները Ղարաբաղում են, մենք բացում ենք հաղորդակցությունը, վերականգնում ենք Ստեփանակերտի օդանավակայանը, առաջիկայում կլինեն Մոսկվա-Ստեփանակերտ ուղիղ չվերթեր, մենք առանց Երևանի կպայմանավորվենք Ստեփանակերտի հետ։ Մեզ պետք կլինի՞ Երևանը։ Ես ասում եմ այն, թե ինչ ուղղությամբ կարող է ամեն ինչ ընթանալ, քանի որ մենք այնտեղ ենք, մենք տեղում պայմանավորվում ենք, այդ հեռանկարը կա, որի դեպքում Երևանի դիրքորոշումներն արդեն կարող են աննշանակալի լինել»։

Մոսկվան չի դիտարկում ՀՀ-ի հետ միութենական պետություն ձևավորելու հարց

Անդրադառնալով խոսակցություններին, որ նախատեսվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և նրա առաջարկը՝ Ռուսաստանի հետ միութենական երկիր ձևավորել իր վարչապետության պահպանման դիմաց՝ Տարասովն ասաց, որ նախ՝ նման նախաձեռնություն իսկապես պետք է գա Հայաստանից։

«Սակայն ասեմ իրականում այն, ինչ կա՝ Մոսկվան դրանով հետաքրքրված չէ, պետությունը պահելու կողմնակից է, քանի որ ունի ինտեգրացիոն կառույցներ, Հայաստանը դրանց անդամ է, միութենական երկիրը ենթադրում է լիովին այլ պատասխանատվություն, այլ աշխատանք, ներկայումս ռեալ նման ցանկություն չկա, նման հարց չի դիտարկվում»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։

տարասով

Աղբյուրը՝ 168.am