Մենք հրամանատար չենք ունեցել, գեներալը պատերազմի ժամանակ զորքը կռվի մեջ չի մտցրել, օգնություն ենք ուզել, բայց չի եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի մասնակիցը մանրամասներ է ներկայացրել

զինվոր

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց:

Ծնողները նշում են, որ երեխաները ծառայել են այդ զորամասում, պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց խոսքով՝ զորամասի 50 զինծառայողից 34-ը չկան, իսկ 16 հոգի դուրս եղել, որոնց մեջ եղել են նաև հրամանատարներ:

Անհետ կորածի մայրը նշում է, որ ծառայողներին տարել են որպես հատուկ ջոկատայիններ, բայց նրանք եղել են քիմիկոսներ, և դա Հայաստանում քիմիկոսների միակ զորամասն է: Նրանց խոսքով՝ ծառայողներին հաստիքով չի տրամադրվում զրահաբաճկոն և սաղավարտ, և նրանց առանց զրահաբաճկոնի և սաղավարտի տարել են հատուկ գործողություն կատարելու:

Մեկ այլ ծնող նշում է, որ գնացել են Պաշտպանության նախարարություն, Կարմիր խաչ, հանդիպել են նաև վարչապետի հետ, բայց ինչպես իրենք են նշում՝ ապարդյուն:

 «Վարչապետը տեղեկացրեց, որ այդ հինգ շրջաններն անհասանելի են մեզ, քանի որ Ադրբեջանի տարածքն է, և Կարմիր խաչը չի կարողանում համագործակցել, պետք է սպասենք:  Մեր երեխաները եղել են Կապանում, ու չգիտես ոնց, իրենք հայտնվել են Զանգելանում ու հիմա Զանգելանի շրջանը պետք է լինի տարհանման վերջին տեղը, իսկ կմտնեն, թե ոչ, չգիտենք»:

Պատերազմի մասնակից Դավիթ Կոստանյանը, նշեց, որ իր հարազատ եղբայրն ու իր երեք ընկերները կորել են և մանրամասնում, որ իրենք պետք է 12 հոգով առաջ գնային, 50 քիմիկոսները մնային իրենց հետևում, բայց իրենք, չիմանալով, միացել են իրենց:

«Պետք է Ա կետից Բ կետը գնային, բայց չեն ասել՝ որտեղ ենք գնում և ընկել ենք շրջափակման մեջ: Մենք հրամանատար չենք ունեցել, սարի հետևում ունեցել ենք գեներալ, որը պատերազմի ժամանակ զորքը կռվի մեջ չի մտցրել, մենք օգնություն ենք ուզել, բայց չի եկել: Մենք դուրս ենք եկել հաջորդ օրը, քիմիկոսների հրամանատարն է դուրս եկել, ինքը մեղք չունի, չէր կարողանում դուրս գար, այս գործողությանն ուղարկել է գեներալ Մակարյան Անդրանիկը: Այնտեղից ոչ մեկը չի փախել, ով դուրս է եկել, հրաշքով է դուրս եկել, հրամանատարը՝ նույնպես: Իսկ այս գործողությանը գեներալ Մակարյանն է ուղարկել, թող դուրս գա պատասխան տա մնացածին: Եթե խոսք տան, որ ես գնամ կորածներին բերեմ, իմ դիակը կբերեն, ես կգնամ կբերեմ, տղաների համար նորից կմտնեմ այդ տարածք»,- նշեց Դավիթ Կոստանյանը:

Տեսանյութը՝ Թերթ.am-ի