Պաշտպանության նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն

Նախարարն ասաց, որ հնարավոր չէ, որովհետև եթե բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է՝ կռիվ լինի, այսինքն՝ հնարավոր չէ, որ բանակը դուրս գա Արցախից

զինվոր

Հանդիպեցինք պաշտպանության նախարարի հետ, մեր պահանջը հստակ է՝բոլորս որոշել ենք, որ մեր երեխաներին Արցախից վերադարձնեն Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում զինծառայությունը շարունակող զինվորների ծնողներից մեկը՝ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից հետո:

«Մենք բոլորս այդ էինք պահանջում, բայց նախարարն ասաց, որ հնարավոր չէ, որովհետև եթե բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է՝ կռիվ լինի, այսինքն՝ հնարավոր չէ, որ բանակը դուրս գա Արցախից»,- ասաց նա:

Ծնողի խոսքով՝ նշել են, որ երեխաները շարունակելու են արձակուրդ գալ, ովքեր կռվին մասնակցել են, կգան արձակուրդ, նրանց կփոխարինեն այստեղից՝ Հայաստանից ծառայողները. «Ամսի մեկից սկսած երեխեքը տասնօրյա ժամկետով կգան արձակուրդ»:

«Մեր պահանջը չի բավարարվել, մենք եկել էինք պահանջով, որ մեր երեխեքին բերեն Հայաստան: Երեխեքը գալու են Հայաստան, ասաց՝ ոչ, գալու են արձակուրդ, հետո գնալու են ծառայեն: Փուլային տարբերակ կմտածենք, կարող է տեղափոխվեն երեխեքը, Հայաստանի զորամասից գնան այնտեղ, այնտեղից բերեն այստեղ»,- հավելեց նախարարի հետ հանդիպած մեկ այլ զինծառայողի ծնող:

Նրանց դրսում սպասող ծնողները հավելեցին, որ իրենք դրանում վստահ չեն:

«Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն: Մենք ասացինք՝ ժողովուրդը պատրաստ է ինքնակամ գնա ու իր երեխաներին բերի, թե դատ է հասնում, ինչ է հասնում, դրան էլ ենք պատրաստ, ասաց՝ դա ձեզ ոչ մի լավ բանի չի տանի: Մենք ուրիշ բանի համար էինք գնացել, մենք այս պահին միայն մեկ բան ենք ուզում, որ մեր երեխեքն անվտանգ լինեն»,- ընդգծեց զինծառայողի ծնողը:

Նախարարի հետ հանդիպած ծնողները հավելեցին, թե վաղը 5 հոգանոց խմբով էլի պետք է հանդիպեն նրա հետ ու վերջնական խոսեն: Նրանք նշեցին, թե համաձայնություն են տվել, որ Հայաստանում ծառայող զինվորները փոխարինեն Արցախում 44 օր պատերազմում կռվող, հիմա էլ ծառայությունը շարունակող զինվորներին: