44 օր չքնած, հպարտ քաղաքացիներս սպասում են Ձեզ, պարոն վարչապետ, պատասխան չունե՞ք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարոն վարչապետ, Ձեր քույրերն ու եղբայրները սպասում են Ձեզ, որ քայլել են Ձեզ հետ ու հավատացել

Եկել ենք Կառավարության շենք, գրանցվել, արդեն մոտ 2 ժամ է՝ ոչ մեկ չի մոտենում, ոչ մեկ անհրաժեշտ չի համարում մեզ մարդու տեղ դնել, հիմա էլ սպասում են Պաշտպանության նախարարության ներկայացուցչին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողներից մեկի ծնողը, ով հանդիպում էր պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Պարոնայք, մենք խեղկատա՞կ ենք, ՊՆ-ից Կառավարություն, Կառավարության շենքից էլ ասում են՝ ՊՆ-ից մարդ է գալիս։ Մենք պահանջում ենք գերագույն հրամանատարի հետ հանդիպում։ Պարոն Նիկոլ Փաշինյան, եկել ենք Ձեզ հետ հանդիպելու, ունենք հստակ հարցեր, մեզ ՊՆ-ից ասել են, որ Դուք եք մեզ պատասխանելու։ Պարոն վարչապետ, Ձեր քույրերն  ու եղբայրները սպասում են Ձեզ, որ քայլել են Ձեզ հետ ու հավատացել։  44 օր չքնած,  հպարտ քաղաքացիներս, ծնողներս սպասում ենք Ձեզ պարոն վարչապետ, պատասխան չունե՞ք, սպասում ենք, չենք գնալու պարոն վարչապետ»,- հայտարարեց ծնողը։

Նշենք, որ զինծառայողների հարազատները  ավելի վաղ գնացել էին Պաշտպանության նախարարություն, ապա եկել Կառավարություն։ Նրանց մտահոգում է Արցախում մնացած զինծառայողների ճակատագիրը։ 

Մի քանի ժամ սպասելուց հետո նրանցից հինգին ընդունել է վարչապետը և խոստացել երկու օրից վերջնական պատասխան տալ, թե երբ են Հայաստան բերվելու Արցախում մնացած զինծառայողները։