Նիկոլ Փաշինյանը գիտակցված երեխաներին տարել է սպանվելու. Նարեկ Մալյան

Մալյանն ընդգծեց նաև, որ թեև Փաշինյանը շնորհակալություն է հայտնում իրավապահ համակարգին, սակայն նա չունի իրավապահների աջակցությունը

նարեկ

Հայաստանում այսօր մեկ մարդ կա, որ աթոռի կռիվ է անում՝ Նիկոլ Փաշինյանը: Հազարավոր երիտասարդների արյան գնով կառչել է աթոռից: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին:

«Նիկոլ Փաշինյանը և նրա դավաճանների խմբակը այլևս որևէ իշխանություն չունի ՀՀ-ում: Մեր երկրում անիշխանություն է: Ադրբեջանցիները բոլոր ռեստորաններում խմում են Շուշին հանձնած Նիկոլ Փաշինյանի կենացը: Նա գիտակցաբար երեխաներին տարել է սպանվելու: Նրանց մարմինները տասնյակ օրերով պահել են սառնարաններում, որ չհայտնեն զոհերի իրական թիվը»,-նշեց Մալյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը հարցեր է բարձրաձայնում, սակայն չի նշում գլխավոր  հարցը՝ ում պատճառով մենք հասանք այստեղ: «Նա խուսափեց գլխավոր հարցից՝ ում պատճառով զոհվեցին հազարավոր հայ երիտասարդներ, ում պատճառով հաշմանդամ դարձան հազարավորները, ում պատճառով կորցրինք մեր հայրենիքը: Մենք գիտենք՝ ում պատճառով է եղել: Նրա ուղերձի նպատակն այն էր, որ ձեզ նորից մոլորեցնի»,-ասաց «ՎԵՏՕ»-ի ղեկավարը:

Նա նշեց, թե  Փաշինյանը անհասցե մեղադրանքներ է հնչեցնում, պատասխանատուներ փնտրում, սակայն հստակցումներ չի անում. «Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ ելույթի ժամանակ չտվեց կոնկրետ անուն, չներկայացրեց որևէ կոնկրետ մեղադրանք կոնկրետ մարդու: Պահանջեք, որ անուններ տա»,-ասաց Մալյանը:

Նա նաև անդրադարձավ այն հայտարարությանը, թե անպիտան զենք է գնվել՝ նկատի ունենալով Մովսես Հակոբյանի պաշտոնավարման ընթացքը: Մալյանի խոսքով՝  պետք է գնվեին ՀՕՊ միջոցներ, սակայն դրանց փոխարեն գնվել են ՍՈւ-եր, որ, Նիկոլ Փաշինյանը դրանց հետ սելֆի աներ: «Սա այն դեպքում, երբ զոհերը հիմնականում եղել են Բայրաքթարների հարվածներից»,-նշեց նա:

Դիմելով ռազմագերիների հարազատներին՝ Մալյանն ասաց, թե Փաշինյանը չի կարողանալու նրանց վերադարձնել: «Ստախոսի ուղերձի նպատակն իր վրայից պատասխանատվությունը գցելն է, երբ ասում է, թե գերիների վերադարձը միայն իրենից կախված չէ»,-ասաց նա:

Մալյանի խոսքով՝ Փաշինյանը նաև ուզում է տպավորություն ստեղծել, թե ինչ-որ մեկն Աննա Հակոբյանին մեղադրել է Շուշիում լինելու համար, մինչդեռ այդպես չի եղել, Հակոբյանին մեղադրել են հրամանատարական բունկերում լինելու համար:

Մալյանն ընդգծեց նաև, որ թեև Փաշինյանը շնորհակալություն է հայտնում իրավապահ համակարգին, սակայն նա չունի իրավապահների աջակցությունը: