Եթե չպայքարենք, Ադրբեջանին ենք տալու նաև Սարսանգի ջրամբարը, Գանձասարը, Դրմբոնը, Քոլատակը… ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյան․ Մանրամասներ

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերի նախնական թիվը 181 է. «Ադրբեջանին հանձնվում է 181 գյուղ և քաղաք: Երբ ներկայացված 121 համայնքն առանձին-առանձին բացում ես՝ ստացվում է 181 քաղաք և գյուղ, գուցե ավելին:

Ալվինա Աղաբաբյանն ընդգծեց՝ եռակողմ հայտարարության 6-րդ կետում կարևոր ձևակերպում կա՝ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը.

«Ընդամենը 6-7 բառ, բայց մեջը բազմաթիվ ականներ կան. ականներ ամբողջ հայտարարության տեքստում կան, բայց անգամ այս մի քանի բառի մեջ դրանք մեկը չեն, երկուսը չեն: Նախ այն, որ մենք ֆիքսում ենք՝ Հայաստանի Հանրապետությունն է վերադարձնում, այսինքն՝ մենք Հայաստանի Հանրապետությանը ճանաչում ենք օկուպանտ և դրանով հիմք ենք տալիս Ադրբեջանին ինչ-ինչ պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Երբ մենք ասում ենք՝ վերադարձնում է՝ անուղղակիորեն ընդունում ենք փաստը, որ մենք պահել ենք ուրիշինը, որովհետև քոնը դու չես վերադարձնում, տալիս ես: Եվ բացի այդ՝ այս ձևակերպումը՝ Քելբաջարի շրջան, ի՞նչ ասել է՝ Քելբաջարի շրջան, այստեղ հստակ չկա: Ադրբեջանն ուզում է և ուզելու է մեծ Քելբաջարի շրջանը, որն ինքը ստեղծել է 1991թ. նոյեմբերի 26-ից հետո, որում ինքը ներառել էր Մարտակերտի շրջանի գրեթե կեսը:

Երբ մեր՝ վարչապետի աթոռին նստած անձնավորությունը հանձնառություն է վերցնում վերադարձնել Քելբաջարի շրջանը, գուցե չիմացության, գուցե շատ լավ էլ իմացության արդյունքում փաստացի ոչ թե հին Քելբաջարի շրջանն է տալիս թշնամուն, այլ տալիս է Շահումյանի ամբողջ շրջանը: Այդ տրամաբանությամբ Ակնաբերդն ու Չարեքթարը փաստացի ներառված են այս կառավարության որոշման ցուցակում և տրվելու են»:

Նա խոսեց նաև այդ տարածքների կորստից հետո սպասվող վտանգների մասին. «Չարեքթարը երեկվա դրությամբ արդեն դատարկվում էր, բնակիչներն այրել էին իրենց տները և պատրաստվում էին հայրենի գյուղը լքել: Ակնաբերդի պարագայում պատկերը շատ ավելի վտանգավոր է լինելու, եթե մեր կողմը այն տա, նվիրի, հանձնի թշնամուն: Ակնաբերդը գտնվում է Սարսանգի հյուսիսային ափին, և եթե այդ գյուղը տրվեց թշնամուն, դա նշանակում է՝ շղթայական ռեակցիայով մի շարք գյուղեր ևս պետք է տրվեն նրան՝ Զագլիկ, Հաթերք, Չափար, Գետավան, Վաղուհաս, Վերին Հոռաթաղ ու Կոճողոտ, այսինքն՝ այդ ամենը տալով՝ մենք տալիս ենք նաև Սարսանգի ջրամբարը:

Մենք նաև մեծ վտանգի տակ ենք դնում Մարտակերտի շրջանը: Հիմա հնարավորություն կա սա կանխելու, բայց դրանով մի քիչ գրագետ մարդ պետք է զբաղվի: Եթե վարչապետի աթոռին գամված անձը թույլ է տվել հայտարարության մեջ նման ձևակերպումներ, իսկ մենք գիտենք, որ դրանք կազմվել են իր և Ալիևի անմիջական մասնակցությամբ, եթե ոչ՝ անմիջապես իրենց կողմից, այսինքն՝ ինքը իմացել է՝ ինչ թուղթ է ստորագրվում, ինչ ձևակերպումներ կան, և եթե դա իմանալով՝ արել է, ուրեմն՝ ինքը և իր թիմը դրանք կանխել չեն կարող:

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում