Ամերիկահայերը Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել

Հիմնադրամի գումարները չպետք է ծախսվեն ապիկար կառավարության աշխատավարձերի և պարգևների համար

Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նախաձեռնության հեղինակը Բոստոնում հրապարակվող «Հայրենիք» շաբաթաթերթն է։ Թերթի վերջին խմբագրականում գրված է, որ ԱՄՆ–ի հայկական համայնքը պատրաստվում է նոյեմբեր ամսվա վերջին հինգշաբթիին` Գոհաբանության տոնին կամ Thanksgiving–ին, մասնակցել 23 տարի շարունակ տեղի ունեցող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին։

«Այս անգամ, հանուն հայության և ի շահ Հայաստանի և Արցախի պատվի, դրամահավաքի հետ մեկտեղ ժամանակն է ապիկար և ձախողած վարչապետին և իր վարչակազմին հրաժարման պահանջով ստորագրահավաք կատարելը», – գրված է թերթում։

Թերթը հիշեցնում է, որ ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին ամերիկահայերը գումարներ են նվիրաբերել` նպատակ ունենալով շենացնել, վերանորոգել Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Ավելի քան 20 տարվա օժանդակություններով բազմաթիվ ծրագրեր են կատարվել` կառուցվել են կրթօջախներ, ճանապարհներ, զարգացվել է գյուղատնտեսությունը, անասնաբուծությունը, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ և այլն։

«Հայորդին համոզված էր, որ այս մարտահրավերները կարելի էր հաղթահարել, և համահայկական ճիգերով կերտեց կատարելագործված և արդիականացած ենթակառույցներ Արցախում», – գրված է թերթում։

«Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով». հադրութցի կանանց բողոքի ակցիան

Նշված է, որ արդեն ավարտված էին արդեն ադրբեջանական կողմին անցած Հադրութ քաղաքի, Սպիտակաշեն և Վանք գյուղերի ջրամատակարարաման ծրագրերը, պատրաստ էր Շուշիի մոտ գտնվող Քարին տակի մանկապարտեզը, համայնքային կենտրոնը, դպրոցի մարզադահլիճը։

«Նշված կառույցների մի մասը արդեն իսկ քարուքանդ եղած է ադրբեջանցիների կողմից, իսկ կիսավարտ աշխատանքները մատնված են անորոշ ճակատագիրի», – գրված է թերթում։

«Հայրենիքը» գրում է, որ սեպտեմբեր 27-ից` պատերազմի առաջին օրվանից, հայ համայնքը լծվել է ակտիվորեն օժանդակություններ ուղարկելուն, սակայն նոյեմբերի 10-ից սկսած` Արցախը կործանման շեմին է։

«Պետք է շտկենք մեր աչքերը և մեկ օր առաջ լծվենք մեր արժանապատվությունը փրկելուն` ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն հիմնելով և փրկելով հավելյալ կործանման շեմին հասած Հայաստանն ու Արցախը», – գրված է թերթում։

«Հայրենիքը» շեշտում է, որ պետք է շարունակել գումարներ ուղղել հիմնադրամին, սակայն այդ գումարները չպետք է ծախսվեն ապիկար կառավարության աշխատավարձերի և պարգևների համար։