Եղեք զգոն և եղեք ժողովրդի կողքին՝ պահապան լինելով ժողովրդի շահերին․ Կառլոս Պետրոսյանը՝ ՀՀ անվտանգության ծառայությունների աշխատակիցներին

Մանրամասներ

Այժմ հեռուն գնացող եզրակացություններ անելու ժամանակը չէ, բայց փոխարենը անհրաժեշտ է կենտրոնանալ Արցախում (Լեռնային Ղարաբաղ) պատերազմի հետևանքների և հումանիտար աղետի վերացման վրա:

«EADaily» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային անվտանգության նախկին նախարար, ռուսաստանյան «Տրանսնեֆտ» նավթամուղային ընկերության տնօրենի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը։

Կառլոս Պետրոսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: «Ես խորապես երախտապարտ եմ բոլոր սպաներին և զինվորներին, ովքեր ոտքի կանգնեցին հայրենիքը պաշտպանելու համար: Հատկապես ընկածներին ու ծանր վիրավորվածներին: Ես սգում եմ այն ընտանիքների հետ միասին, որոնք կորցրել են իրենց հայրերին ու որդիներին», - շեշտել է նա։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը զինադադարի հաստատման գործում, որը հնարավորություն է տվել խուսափել հազարավոր նոր զոհերից, անհնար է թերագնահատվել: Պետրոսյանը ողջունել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականների կողմից խաղաղապահ գործողության անցկացումը, որը, նրա խոսքերով, կայունացնելու է իրավիճակը և ապահովելու է տասնյակ հազարավոր փախստականների իրենց տներ անվտանգ վերադարձի գործընթացը:

«Ես կցանկանայի դիմել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների աշխատակիցներին: Մենք մեզ պարտադրված պատերազմում հսկայական կորուստներ ենք կրել, բայց ավելի շատ ենք տառապելու, եթե հիմա չկանգնենք, չվերլուծենք իրադարձությունների էությունը և չվերականգնենք կարգուկանոնն ու կայունությունը մեր սեփական տանը: Գիտակցելով պահի բախտորոշությունն ու մեր երկրի վրա կախված սպառնալիքի լրջությունը` ես խստորեն կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով հավատարմության երդում է տվել Հայաստանի Հանրապետությանը` ծառայել միայն Օրենքին, թույլ չտալ իրեն ներքաշվել քաղաքական գործիչների միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ: Եղեք զգոն և եղեք ժողովրդի կողքին՝ պահապան լինելով ժողովրդի շահերին: Սա իմ կոչն է»,- Կառլոս Պետրոսյանի խոսքերն է մեջբերում է տեղեկատվական գործակալությունը։