Նոյեմբերի 9-ի առավոտյան գրոհը պետք է շարունակվեր, որոշվել էր, բայց դե եղավ այն ինչի արդյունքում բոլորս սառը ցնցուղ ապրեցինք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արշավիր Ղարամյան․ Մանրամասներ

Քարին տակ-Փոքր Զարուսլու հատվածում հակառակորդին ջախջախելուց հետո որոշվել էր, որ Բերձորում կազմավորված զորախումբը նոյեմբերի 9-ի առավոտյան գրոհը շարունակի դեպի Շուշի-Քարինտակի խաչմերուկ, բայց եղավ այն, ինչի արդյունքում բոլորս սառը ցնցուղ ապրեցինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ու ռազմական գործողությունների մեկի տեսագրությունը հրապարակել:

«Բերձորում կազմավորված օպերատիվ զորախմբի հրամկազմը նոյեմբերի 5-ից պատասխանատվություն է ստանձել իրականացնել պաշտպանական և հարձակողական գործողություններ լ. Քիրս-Լիսագոր-Զառուսլու- գազամուղ բնագծերով:

Զորախմբի հրամանատար գնդապետ Հրայր Թովմասյանը անմիջապես անցնելով մարտական առաջադրանքի կատարմանը՝ անձամբ ստանձնել է հետախուզական խմբի ղեկավարումը և մարտ-հետախուզություն վարելով հասել "Շախսիբուլաղ" կոչվող տեղամաս։

Այնուհետև՝ նոյեմբերի 7-ին և 8-ին Շուշի-Լիսագոր ճանապարհի երկանքով հետ մղելով թշնամու բազմաթիվ գրոհները և թշնամական ուժերին բազմաթիվ կորուստներ պատճառելուց հետո որոշում է կայացրել նոյեմբերի 9-ի առավոտյան համալրում ստանալուց հետո վերահսկողության տակ վերցնելու և թշնամու առաջապահ ստորաբաժանումը հիմնական զորքերից կտրելու նպատակով գրոհի անցնել Շուշի-Քարին տակ խաչմերուկի ուղղությամբ:

Վաղ առավոտյան միաժանակյա մարտ սկսվեց թշնամու և մեր ստորաբաժանման միջև, քանզի ոսոխը նպատակ էր դրել ցանկացած գնով վերահսկողության տակ վերցնել Զարուսլուն, այնուհետև էլ գրոհել Լիսագորը: Ձախողվելով և բազմաթիվ զոհեր կրելուց հետո՝ կեսօրն անց թշնամին մեծ քանակությամբ հետևակ ներգրավելով Քարին տակ-Փոքր Զարուսլու (Նաբիլար) ձորով փորձ է կատարել շրջանցել մեր տղաներին, սակայն հրամանատարի կողմից հայտնաբերվելուց հետո մեր հրետանու (հրամանատար' գնդապետ Կարեն Բաբայան) կրակը ուղորդվել է ձորում կուտակված թշնամական ուժերի վրա, ինչի արդյունքում էլ նշված ուժերը հարյուրավոր զոհեր տալով ճողպրելով ցաք ու ցրիվ են եղել:

Արդեն որոշում էր կայացվել հաջորդ առավոտյան առկա ուժերով գրոհը շարունակել դեպի Շուշի-Քարին տակի խաչմերուկ, բայց դե եղավ այն ինչի արդյունքում բոլորս սառը ցնցուղ ապրեցինք…Նշեմ նաև, որ Ստեփանակերտի կողմից գրոհող և Շուշի մեջ մարտ վարող ստորաբաժանումների վիճակի մասին տեղեկությունները իրարամերժ էին։

Դրանից հետո թշնամին 8 օր շարունակ դիակներ է հավաքել նշածս գործողությունների վայրերից»,- գրել է Ղարամյանը: