Դուք ընդմիջում խնդրում եք ընդամենը ձեր խմբակցության պատգամավորներին բերման ենթարկելու և քվորում ապահովելու համար

Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին»

Ազգային ժողովի արտահերթ նիստին, երբ «Իմ քայլը» խմբակցությունից ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը և մեղադրանքներ հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, դահլիճից ԲՀԿ-ականները արձագանքեցին և հեռակա բանավեճ ստացվեց:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց: «Նման բորբոքված վիճակում հնարավոր չէ շարունակել, առաջարկում եմ 20 րոպե ընդմիջում»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Իվետա Տոնոյանը վարման կարգով նշեց. «Դուք ընդմիջում խնդրում եք ընդամենը ձեր խմբակցության պատգամավորներին բերման ենթարկելու և քվորում ապահովելու համար: Դա պարզից էլ պարզ է, այստեղ նյարդերի տեղի տալու մասին խոսելն ավելորդ է»:

Իվետա Տոնոյանը նշեց, որ երբ ստահոդ տեղեկություն է տարածում Լենա Նազարյանը, շատ տրամաբանական է, որ ում ուղղությամբ մեղադրանքի սլաքն ուղղվում է, այդ խմբակցության պատգամավորները արձագանքում են:

«Բախումների օրը ձեր խմբակցությունից ոչ մեկը ներկա չի եղել և չի փորձել հանդարտեցնել»,-ասաց նա: