ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպի. նպատակահարմար չէ․ Գեւորգ Գորգիսյան

Մանրամասներ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

«Դրա նպատակահարմարությունը չենք տեսնում, որովհետեւ մեր ճանապարհային քարտեզն էլ հրապարակելիս առաջին կետով նշել ենք, որ ցանկացած լուծում Հայաստանն ասյ վիճակից դուրս բերելու համար պիտի սկսի վարչապետի հրաժարականով, իսկ նա այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա, հետեւաբար որեւէ այլ հարց մենք նրան տալու չունենք»,- ընդգծեց Գեւորգ Գորգիսյանը։

 Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԺ-ում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, սակայն ԲՀԿ-ն մերժել է այդ առաջարկը։