«Փաստ». ավտոճանապարհներին ոմանք իրենց սանձարձակ ու լկտի են պահում

Իրավիճակը մտահոգիչ է

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի պատճառով զոհվեց 4 մարդ, ստիպում է մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել այն վիճակին, ինչ կատարվում է մեր ճանապարհներին: Ամենաթռուցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ ավտոճանապարհներին տիրող վիճակը յուրօրինակ ներքին ճակատ է՝ կորոնավիրուսից հետո: «Փաստ» թերթի լրագրողը երեկ ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիպել է յոթ ավտովթարի, բարեբախտաբար՝ բոլորն էլ թեթև:

Սակայն վերջին մեկ ամսում, երբ ավտոմեքենաները համեմատաբար քիչ են քաղաքում, ակնհայտ է, որ ավելի ակտիվացել է վարորդների այն տեսակը, որը նախկինում էլ աչքի էր ընկնում երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, որը միշտ անտեսախցիկ ու անարագաչափ փողոցներ էր փնտրում խախտումներ անելու համար:

Երեկ մեզ հետ զրույցում բազմաթիվ վարորդներ նշում էին, որ ոմանք հիմա իրենց պարզապես խայտառակ լկտի են պահում՝ սարսափելի մեծ արագություններ, վտանգավոր բազմակի մանյովրային վազանցներ, հանդիպակաց գոտում երթևեկումներ, դրիֆտներ:

«Շատերին թվում է՝ պատերազմական վիճակը թույլ չի տալիս, որ պատկան մարմինները լիարժեք զբաղվեն այլ հարցերով, բայց սա էլ մի ուրիշ պատերազմ է, ու դրա դեմը կարող ենք առնել»,-ասաց վարորդներից մեկը՝ կոչ անելով վերոնշյալ տիպի վարորդներին՝ իրենց «դուխն» ու էներգիան այլ տեղ օգտագործել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում