Նախագահական ընտրություններում հաղթել է Բայդենը. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

«Ջո Բայդենն անհավանական մանդատ է ստացել։ Շուտով նա փոխնախագահից կդառնա նախագահ Ջո Բայդենը։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար», - ասել է Փելոսին

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենն ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ղեկավարը: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ջո Բայդենն անհավանական մանդատ է ստացել։ Շուտով նա փոխնախագահից կդառնա նախագահ Ջո Բայդենը։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար», - ասել է Փելոսին լրագրողներին։

Նրա խոսքով՝ այս առավոտյան պարզ է դարձել, որ հենց Բայդեն-Հարիս զույգն է հաղթանակ տարել ընտրություններում: Սենատոր Կամալա Հարիսը ԱՄՆ փոխնախագահի թեկնածու է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։