Ռուսաստանը պատրաստ է օգնել ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում. Միշուստին

Ռուսաստանում նաև կան կորոնավիրուսի դեմ գրանցված պատվաստանյութեր երկու արտադրողից

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու հարցում։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վարչապետն ընդգծել է, որ ռուսական թեստերն արդեն իսկ փոխանցվել են ԱՊՀ պետություններին և ՌԴ-ն աշխատելու է ապահովել նաև COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարումը։

«Կորոնավիրուսը, ցավոք, դեռ չի նահանջում։ Մեր մասնագիտացված կառույցները համատեղ աշխատանք են տանում հիվանդության տարածումը դադարեցնելու ուղղությամբ։ Եվս մեկ անգամ կցանկանայի հաստատել Ռուսաստանի պատրաստակամությունը ԱՊՀ-ի իր դաշնակիցներին օգնելու և մեր ունեցած ձեռքբերումներով կիսվելու հարցում», - հայտարարել է Միշուստինը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ժամանակ, որն ացկացվել է տեսազանգի միջոցով։

ՌԴ վարչապետն ընդգծել է, որ ախտորոշման համար նախատեսված ռուսական թեստերն արդեն իսկ փոխանցվել են ԱՊՀ մյուս պետություններին, իսկ «Ռոսպոտրեբնադզոր»-ի և ՌԴ առողջապահության նախարարության մասնագետները խորհրդատվություններ են անցկացնում այդ երկրներում իրենց գործընկերների հետ։

«Ռուսաստանում նաև կան կորոնավիրուսի դեմ գրանցված պատվաստանյութեր երկու արտադրողից։ Այժմ մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր երկրի քաղաքացիները կարողանան պատվաստումներ ստանալ, և իհարկե աշխատելու ենք նաև մեր եղբայրական պետություններին պատվաստանյութեր մատակարարելու ուղղությամբ», - ընդգծել է Միշուստինը։