Տեսանյութ՝ անմիջապես Թաղավարդի համար մղվող հերոսական մարտերից

Մանրամասներ

Արցախի հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Թաղավարդի տարածքից, որտեղ լույսը բացվում է ինտենսիվ հրետակոծությամբ։ Գրեթե ամեն օր թշնամին փորձում է շրջափակման մեջ առնել գյուղը, սակայն մինչ այդ նրանց պետք է նպաստավոր դիրքեր զբաղեցնել, հենց այդ դիրքերի ուղղությամբ է նախաձեռնում հարձակումները։

Մի քանի ժամ տեւող հրետակոծությունից հետո լսվում է մեր գնդացրորդների ու հրետանավորների աշխատանքի ձայնը։ Դա նշանակում է հակառակորդի հետեւակն անցել է առաջխաղացման: Նրանց շարժն ապահովում են վարձկան դիպուկահարները։ Գյուղի պաշտպանների դիմադրությունը հզոր է, խոցում են անվրեպ։ Թշնամու կողմից ողջ մնացածները կրկին անկանոն փախուստի են դիմում դեպի ելման դիրքեր։

Մարտադաշտում երկու վիրավոր ունենք։ Նրանց անհապաղ պետք է դուրս բերել։ Տղաները դիտարկում են տարածքը, ծրագրում անելիքները, այստեղ պատասխանատվության մեծ չափաբաժինը բուժակինն է։ Տարածքը դիտարկվում է նաեւ թշնամու կողմից, նախ պետք է ճնշել հակառակորդին։

Ծրագրածը հաջողությամբ պսակվեց։ Առաջին բուժօգնությունը ժամանակին էր, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, մարտադաշտից նրանց տեղափոխում են հոսպիտալ։