Դու դաշինք ես կնքել Էրդողանի պես հրեշի հետ․ Սարիկ Անդրեասյանի պատասխանը Զելենսկիին

Մանրամասներ

Ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամյան էջով վերջին բաց նամակն է ուղղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ մեկնաբանելով Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարաելու վերաբերյալ իր նախորդ բաց նամակին ուկրաինացի նախագահի տված պատասխանը։ 

Հայազգի կինոռեժիսորը նախ շնորհակալություն է հայտնել Զելենսկիին նամակին պատասխանելու համար՝ նշելով, որ դա արժանի օրինակ է այն բանի, որ նախագահը անտարբեր չէ, թե իր և իր երկրի մասին ինչ են խոսում։ Ի տարբերություն Զելենսկիի, որը նամակն ուղղել է ուկրաիներեն՝ Անդրեասյանը նախընտրել է ռուսերեն պատասխանել։ 

«Հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ պատերազմ սկսվեց, ու մենք աղմուկ բարձրացրինք, թե հարձակվել են մեզ վրա, Ալիևը հերքեց այդ փաստը, հետո էլ ինչ-որ պահի խոստովանեց, որ դա այդպես է։ Հետո ասացինք, որ կռվում ենք Սիրիայից վարձկանների դեմ, Ալիևը դա էլ հերքեց, իսկ երբ զինյալները սկսեցին գերի ընկնել ու զոհվել, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց ընդունել այդ փաստը։

Հետո ասացինք, որ թուրքական բանակի դեմ ենք կռվում, ու կրկին բոլորը հերքեցին, մինչև որ չսկսեցինք թուրքական անօդաչու թռչող սարքեր ու ռազմատեխնիկա խոցել»,- նշել է Անդրեասյանը և հավելել, որ հազարավոր տներ են քանդվել, հիվանդանոցներ ու եկեղեցի վնասվել․ սա փաստ է, որով աշխարհը միայն անհանգստացած է և ոչ ավելին։

«Ճիշտ ես, որ շատ երկրներ են Ալիևին զենք վաճառել, բայց այժմ ուկրաինական, իսրայելական, բելառուսական ինքնթիռներն են Բաքու մեկնում, ու կարող եմ ենթադրել, որ ճարպ, կարտոֆիլ կամ հումուս չեն տեղ հասցնում։ Ամբողջ թվարկածիցս հետո միայն հայկական կողմին կարող եմ վստահել ու հավատալ, քանի որ բացի պաշտոնական աղբյուրներից ընկերներ ունեմ Ստեփանակերտում, որոնք օգնում են վիրավորներին, ծերերին»,- նշել է կինոռեժիսորը, այնուհետև ոչ օբյեկտիվ համարել իր հասցեին այն մեղադրանքը, թե նա ռուսական քարոզչությանն է տրվել։ 

«Ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում որևէ կուսակցության չեմ պատկանում։ Ռուսաստանում իշխանության կամ ընդդիմության համար երբևէ քարոզ չեմ արել»,- ընդգծել է նա և հստակեցրել, որ հայ ազգը ոչ թե որևէ նախագահի կամ ղեկավարի, այլ իր սեփական տունը, երեխաներին, մշակույթն ու հավատը պաշտպանելու համար է կռվում։

«Գրում ես, որ հայկական ծագմամբ ուկրաինացիներ են զոհվել, բայց արդյոք սա կարող է հուզել մի մարդու, որը ռազմական դաշինք է կնքել մի հրեշի հետ, ինչպիսինն է Էրդողանը։ Ասում ես, թե ֆոսֆորը ռուսական կեղծիք է, բայց միթե չգիտես, որ առաջնագծում գտնվող Արայիկ Հարությունյանը, որը տարածել է այդ «կեղծիքը», Պուտինին նման չէ։ Ասում ես, թե չեմ անհանգստացել Դոնբասի համար, իսկ արդյո՞ք դու անհանգստացել ես՝ ներկայացնելով այնտեղ խաղաղ բնակչությանը սպանողներին։ Բռնապետի հետ դաշինք կնքելով ու Յարոսլավ Իմաստունի շքանշան նրան տալով՝ դու հստակեցրիր, թե ում կողմից ես՝ չնայած վստահ եմ՝ ուկրաինացիներն այդ կարծիքին չեն»,- նշել է նա և միևնույն ժամանակ «որպես արվեստի մարդ» պատրաստակամություն հայտնել գրկել վաղեմի ընկերոջը, եթե հանկարծ պարզվի, որ ինքը «մոլորության մեջ է եղել»։

Անդրեասյանը գրառմանը կից նաև մի լուսանկար է հրապարակել, որում իր պատվերը տեղ հասցնող հայ առաքիչը տեսնելով, թե ով է պատվիրատուն, շնորհակալություն է հայտնել վերջինիս հայ ազգի կողքին լինելու համար։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրեասյանը բաց նամակ էր ուղղել Զելենսկիին՝ նրան մեղադրելով Ադրբեջանին ֆոսֆորաին ռումբ մատակարարաելու և դրանով Արցախում հակամարտության շարունակությանը նպաստելու համար։ Դրան ի ատասխան՝ Զելենսկին նշել էր, թե կինոռեժիսորը ռուսական քարզչության զոհ է դարձել, քանի որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 

1