Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը վերաբերում է միայն վերջնական սպառման ապրանքներին, հումքի մասով սահմանափումներ չենք կիրառում

Տիգրան Խաչատրյան․ Մանրամասներ
տիգրան խաչատրյան

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումը վերաբերում է միայն վերջնական սպառման ապրանքներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այսինքն՝ այն ապրանքները, որոնք միջանկյալ սպառման են կամ որևէ արտադրողի կողմից օգտագործվում են իր արտադրությունը կազմակերպելու համար, դրանց նկատմամբ մենք սահմանափումներ չենք կիրառում»,- նշեց նա:

Նախարարի խոսքով՝ 2021 թ. հունվարի 1-ից հետո տնտեսվարողները կարող են թուրքական ապրանքների փոխարեն ապրանքներ ներկրել Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից կամ Չինաստանից:

«Վստահ եմ, որ այդ բիզնեսով զբաղված անձինք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները: Այսինքն՝ եթե իրենք չեն ներկրելու թուրքական ծագման վերջնական ապրանքատեսակներ, դա կարող են անել այլ շուկաներից: Դա բիզնես որոշում է, որը կկայացնի ցանկացած տնտեսվարող՝ հաշվի առնելով այն այլընտրանքային հնարավորությունները, որոնք կան»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ թուրքական ապրանքների արգելանքից հետո Հայաստանում գնաճ չի սպասվում:

«Մենք խոսում ենք ամբողջ մեր շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի հետ: Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցրած որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշիռ նշանակություն, հետևաբար, վստահաբար գնաճ չի լինի: Ներկրումներ կիրականացվեն այլ շուկաներից, կլրացվի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք է դրվել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Մանրամասները՝ տեսանյութում: