«Երևանը Մոսկվային անվտանգության հարցերով խորհրդատվության, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի ներգրավման համար է դիմել»․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Մանրամասներ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Երևանը երկկողմ համաձայնագրերի շրջանակներում անվտանգության հարցերով խորհրդատվություն ստանալու համար է դիմել Ռուսաստանի Դաշնությանը․ խոսքը ՀԱՊԿ-ի ներգրավման մասին չէ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Խոսքը երկկողմ համաձայնագրի շրջանակներում ՌԴ նախագահին ուղղված դիմումի մասին է»,- հայտարարել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ Երևանի դիմումը վերաբերում է ՀԱՊԿ-ի՞ն, թե՞ խոսքը երկկողմ ձևաչափի մասին է։ 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հավաստիացրել է, որ Երևանը օգնություն ստանալու դիմում իրենց չի ներկայացրել։ 

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից որևէ դիմում չի ստացել»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: 

Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը: