Ադրբեջանը ողջունում է Հայաստանի հետ բախումը դադարեցնելու Իրանի նախաձեռնությունը. Աբբաս Արաղչի

Հիշեցնենք, որ իրանցի բարձրաստիճան դիվանագետը պետք է նաև այցելություններ կատարի Մոսկվա, Երևան և Անկարա

Ադրբեջանը ողջունում է Իրանի` Հայաստանի հետ բախումը դադարեցնելու նախաձեռնությունը։

Իրանի «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերին փոխնախարար Աբբաս Արաղչին, որը հատուկ բանագնացի կարգավիճակով ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը, հայտնում է hraparak.am-ը։

Հինգշաբթի օրը Իրանի նախագահի հատուկ բանագնացը Ադրբեջանում ասել է, որ Բաքուն ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Իրանի ծրագիրը: Իրանի փոխարտգործնախարարը Բաքու կատարած այցի շրջանակներում նշել է, որ ինքը բանակցություններ է սկսել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի, փոխվարչապետի, նախագահի օգնականի և Ադրբեջանի նախագահի հետ Երևանի և Բաքվի հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ:

Արղաչին հայտնել է, որ իր հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տևել է մեկուկես ժամ, և որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները դրականորեն են վերաբերվում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Իրանի ծրագրին: Հատուկ բանագնացը հույս է հայտնել, որ տարածաշրջանային երկրների հավաքական քայլը կարող է հասնել հավաքական լուծման և դադարեցնել հետագա արյունահեղությունը:

«Իրանի խաղաղության ծրագրում հրադադարը կսկսվի նախնական որոշ միջոցառումներից հետո, որն իրատեսական մոտեցում է դաշտային զարգացումների ուղղությամբ»,- հավելել է փոխարտգործանախախարը։ Վերջինս մեկնաբանել է, որ Իրանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ծրագիրը  կարող է կյանքի կոչվել տարածաշրջանի այլ երկրների հետ հարցը քննարկելուց հետո։

Հիշեցնենք, որ իրանցի բարձրաստիճան դիվանագետը պետք է նաև այցելություններ կատարի Մոսկվա, Երևան և Անկարա։