ԼՂ հակամարտության գոտում էսկալացիայի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի. Պուտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ: «Ռուսաստանում բնակվում է ավելի քան 2 մլն հայ եւ մոտ 2 մլն ադրբեջանցի, որոնք ժամանել են ՌԴ ոչ միայն ժամանակավոր աշխատանքի, այլ նաեւ մշտական բնակության նպատակով: Այդ պատճառով մեզ համար եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, եւ մեզ համար մեծ ողբերգություն է, երբ մարդիկ են զոհվում»,-ասել է նա:

«Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ»,-նշել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ կան տարրեր, որոնք առանձնացնում են հարաբերություններն այլ գործընկերների հետ. «Հայաստանի դեպքում դա քրիստոնեությունն է, սակայն մենք սերտ կապեր ունենք Ադրբեջանի հետ՝ այլ ուղղություններով: Ինչ վերաբերում է կրոնական բաղադրիչին, ապա ՌԴ բնակչության գրեթե 15 տոկոսն իսլամ է դավանում: Եվ նույնիսկ այդ առումով Ադրբեջանը մեզ համար օտար երկիր չէ: Սակայն մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը»: