4-5 անգամ գերազանցող մարդկային ներուժով հակառակորդն իր օպերացիայի պլանը չի կատարել. Ա. Հովհաննիսյան

Արցախ

Հարավային ճակատում լայնամասշտաբ պատերազմի ամենաթեժ կետն է: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությունում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտավարական բոլոր հնարքները չենք կարող բացել, օպերացիա է իրականացվել, որի ընթացքում հակառակորդին հնարավոր է եղել ջարդել և հետ շպրտել».-ասաց նա և նշեց, որ լիարժեք շրջափակման մասին վաղ է խոսել:

Արծրուն Հովհաննիսյանը կոչ արեց ծայրահեղությունների մեջ չընկնել և նշեց, որ ոչ հաջողություններն են վերջնական հաղթանակ, ոչ էլ պետք է ընկճախտի մեջ ընկնել: Նա ասաց, որ այսօր որոշակի տեղաշարժ է եղել և անցել ենք հակահարձակման:

«Կիրառվում է թուրքական, իսրայելական ամենաառաջադեմ տեխնոլոգիան, այն տեխնոլոգիան, որը կիրառում են գերտերությունները, այսօր կիրառվում է Արցախում: Մենք այստեղ տեսնում ենք հինգերորդ սերնդի պատերազմ»,-ասաց նա և նշեց, որ հակառակորդը բարձր տեխնոլոգիաների առումով միշտ ունեցել է առավելություն, բայց դա միայն ինքնին հաղթանակ չի ապահովելու:

Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ դասական ճեղքում Ադրբեջանի բանակի մոտ չստացվեց: «Տեսան, որ չի ստացվում, ամբողջ ուժերը տարան մեկ հատված՝ հարավ, որպեսզի ճզմելու, հետ բրդելու հաշվին, իրենց տեխնոլոգիական, քանակական առավելությունը պատկերացնո՞ւմ եք, ճեղքման տեղմասերում մինչև 12 անգամյա առավելություն կա, ռազմի պատմությունում նման բաներ շատ եզակի կան»-ասաց նա և նշեց, որ միջինը օրական մաքսիմում 1-2 կիլոմետր են առաջ եկել:

«Դժվար կռիվ է սա, ծանր կռիվ է սա, այսպիսի ծավալ, այսպիսի մարտական խտություն իմ հիշողության մեջ 2003 թվականի Իրաքի գրավումն է եղել՝ ԱՄՆ-ի բանակի կողմից: Դատարկ խոսքեր չեն, որ հերոսություն է անում մեր բանակը, դա ռազմական գիտության գլուխգործոց  է մեր բանակի կողմից իրականացված»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հյուսիսային ճակատում մեր գործերն ավելի հաջող են, քանի որ հարավային ճակատում որոշ տեղերում ստիպված ենք եղել նահանջել: «Շատ հզոր միջոցներ են կիրառում երկու կողմերն էլ, բայց փաստը մնում է փաստ, որ մոտ տասը անգամ գերազանցող հրթիռահրետանային ուժերով, 2-3 անգամ գերազանցող զրատանկային ուժերով, 4-5 անգամ գերազանցող մարդկային ներուժով իրենք իրենց օպերացիայի պլանը չեն կատարել՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը»,-ասաց նա:

Նա նշեց, որ հակառակորդը թքած ունի իր դիակների վրա և հարյուրավոր տեսանյութեր կան սևացած, ուռած, փտած, խոզերի կերակուր դարձած դիակներ, պարզապես մարդկային չէ դա հրապարակելը: «Այդ դիակների գերակշիռ մասը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ են, կարող են ահաբեկիչներ լինեն, Թուրքիայի քաղաքացիներ լինեն, որոնք հանդերձավորումը փոխել են»,-ասաց նա և նշեց, որ մեծ հաշվով վիրավորներին էլ են թողնում:

Նա վստահեցրեց, որ մեր զորքերի մարտական ոգին շատ բարձր է: