Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում

Մանրամասներ

Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին հայկական կողմի հետ Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը:

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել ինչպես Մոսկվայում, այնպես էլ ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը եւ կարգավորման ուղիներ գտնենք»,- ասել է Ալիեւը` պատասխանելով հարցին` պատրա՞ստ է ինքն արդյոք գալ Մոսկվա` ՌԴ միջնորդությամբ իր գործընկերոջ հետ հանդիպելու համար: 

Նրա խոսքով` Բաքուն «պատրաստ է ցանկացած շփման»: «Եվ այս դեպքում ես նման հրավեր չեմ ստացել, ուստի այս հարցն ինձ չպետք է ուղղվի: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ բազմիցս, իսկ մինչ այդ` Դմիտրի Մեդվեդեւը եռակողմ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Բայց երբ Հայաստանում իշխանությունն անցավ պայմանական «Սորոսի» ձեռքը, այդպիսի շփումները դադարեցին»:

Ըստ նրա` Ռուսաստանը միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: «Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ` ե՛ւ պատմական, ե՛ւ աշխարհագրական, եվ նաեւ պատճառներ, թե ինչու է Ռուսաստանը երկար տարիներ ակտիվորեն գործում մեր տարածաշրջանում եւ փոխգործակցության բարձր մակարդակ կա: Ոսւտի մենք պատրաստ ենք ցանկացած շփման»,- ասել է նա: