6-ից 10 հազար սպանվածի անուն հայտարարելն ուղիղ ճանապարհ է դեպի պետական ​​հեղաշրջում եւ փախուստ Անթալիա

Ծրագրված մի քանի օրական «հաղթանակող» պատերազմը ձգվեց մինչեւ երեք շաբաթ, ընդ որում, չօգնեցին ո՛չ Էրդողանական ահաբեկիչները Սիրիայից, ո՛չ իսրայելական անօդաչու սարքերը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների մասին, նշել, որ Ալիևը կավի նման է, ոնց ցանկանան նրան կձևեն:

«Գաղտնիք չէ, որ Ալիեւը, Թուրքիայի նախագահ Էրդողանի խոստումներից ոգեշնչված, մարտի նետվեց` չհաշվարկելով բոլոր տարբերակները: Սկզբում նա փոքր հաղթանակ էր ուզում` երկու թուփ գրավելու սկզբունքով, եւ հայտարարել, որ դա առաջին քայլն է դեպի Ղարաբաղի ազատագրումը: 2016-ի ապրիլին այդպիսի նպատակը նրան թույլ տվեց եւս 4 տարի մնալ իշխանության ղեկին: Սակայն հետո վրա հասան կորոնավիրուսը, նավթի գների անկումը եւ միջկլանային խորը ճգնաժամը Բաքվում: Կրկին պետք է պայքարել քաղաքական գոյատեւման համար:

Ծրագրված մի քանի օրական «հաղթանակող» պատերազմը ձգվեց մինչեւ երեք շաբաթ, ընդ որում, չօգնեցին ո՛չ Էրդողանական ահաբեկիչները Սիրիայից, ո՛չ իսրայելական անօդաչու սարքերը: Իսկ կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստները հասան այնպիսի մասշտաբների, որ Ալիեւը կորուստներն անմիջապես գաղտնի հայտարարեց: Ըստ Ադրբեջանի` մարտերի երեք շաբաթվա ընթացքում ոչ մի ադրբեջանցի զինվոր չի զոհվել, ոչ մի տանկ չի խփվել, ոչ էլ ինքնաթիռ է ընկել: Բանն այն է, որ Ալիեւը խուճապահար վախենում է հայտարարել իր կորուստների մասին: Ղարաբաղը զավթելու անկարողության ֆոնին 6-ից 10 հազար սպանվածի անուն հայտարարելն ուղիղ ճանապարհ է դեպի պետական ​​հեղաշրջում եւ փախուստ Անթալիա:

Հադրութի գրավման մասին մերկախոս հայտարարություններն էլ ավելի մեծ խուճապ ավելացրեցին իշխող ընտանիքում: Նույնիսկ ադրբեջանական ժողովուրդը` արդարության (իրենց պատկերացմամբ) հասնելու եւ Ղարաբաղը վերադարձնելու իր ամբողջ ցանկությամբ, դադարում է հավատալ առաջնորդին: Հիշո՞ւմ եք «Իվան Վասիլիեւիչը փոխում է մասնագիտությունը» սովետական ​​կլասիկան: Կազանը վերցրել եմ, Ռոստովը վերցրել եմ, Հադրութը... Չէ, չեմ վերցրել: Երկրի ղեկավարը ցույց տվեց, որ իր գեներալներն իրեն չեն հարգում եւ բացահայտ ապատեղեկացնում են` ներկայացնելով հիմար լույսի ներքո:

Արդեն ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղը բիզիմդիր չէ, այսինքն` գրավված չէ: Ինչ-որ տեղ ադրբեջանական զորքերը մի քանի կիլոմետր խորությամբ ներս են խցկվել հայկական դիրքերի մեջ, ինչ-որ տեղ` հակառակը, հայերն են նոր դիրքեր գրավել: Սակայն նպատակը, որը կար 2016-ին, իբր «երկու թուփ ենք գրավել, եւ դա առաջին քայլն է դեպի Ղարաբաղի ազատագրում», ոչ, արդեն չի աշխատում: Սատանան տանի, կասի ժողովուրդը, ինչու՞ է նա զոհել հազարավոր ադրբեջանցի տղաների կյանքեր, հայտարարել, որ վերադարձրել է Հադրութը եւ մի քայլ է մնացել Շուշիի եւ Ստեփանակերտի գրավումից, սակայն արդյունքում... էլի երկու թուփ: Եվ խոստումները, որ սա երկրորդ քայլն է դեպի ազատագրում: Եվս 30 տարի իշխանության ղեկին, հետո` երրորդ քայլը դեպի ազատագրում, չորրորդը եւ այդպես անվերջ: Ամեն անգամ երկուական թուփ:

Բայց ի՞նչ եմ ուզում ասել: Անկյուն քշված եւ վախեցած Իլհամ Ալիեւը կավի նման է` հմուտ քանդակագործի ձեռքում: Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և նրան խաղաղության պայմանագիր պարտադրել Հայաստանի հետ` առանց Ղարաբաղի ամբողջական վերադարձի, ապա այժմ ճիշտ ժամանակն է: Քանի որ Ալիեւը կորցնելու բան ունի, նա փաստացի պարտվեց պատերազմում, խարխլեց իր հեղինակությունը: Բայց եթե նա գնա խաղաղ բանակցությունների, ապա մեկ էլ տեսար` Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա խաղաղապահության համար եւ եւս կես դար կմնա նախագահի պաշտոնում: Դրա դիմաց Հայաստանը կստանա խաղաղության պայմանագիր, ռուս խաղաղապահներ Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին եւ հարաբերական խաղաղություն առնվազն առաջիկա տասնամյակների ընթացքում:

Որպես փոխադարձ ժեստ` Ադրբեջանին կարելի է զիջել Հայաստանի կողմից վերահսկվող նախկին Ադրբեջանական ԽՍՀ շրջանների մի փոքր մասը: Չէ որ պետք է Ալիեւին հնարավորություն տալ բացատրվելու ժողովրդի առջեւ` իբր ես լուզեր չեմ, ես պատերազմը չեմ պարտվել, տեսեք, մենք բարձրացրել ենք դրոշը երբեմն լքված, առաջնագծից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական գյուղերի վրա: Հայերն էլ մի փոքր նահանջեցին, ինչը նշանակում է, որ մենք բիզիմդիրլի արեցինք մեր հողը: Կարող ենք նույնիսկ ինքներս լուսանկարվել այնտեղ` չվստահելով այդ բաքվեցի արտիստներին, ովքեր բեմադրել էին հայ կնոջ եւ ադրբեջանցի զինվորների զրույցը:

Կա նաեւ մեկ այլ տարբերակ: Պայքարել մինչեւ հաղթական ավարտը եւ թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը նույնիսկ մի միլիմետր հող հետ վերցնի: Այդ ժամանակ Ալիեւը հաստատ կպարտվի: Բայց արդյո՞ք դա պետք է Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդներին: Եթե ​​Ալիեւը պարտվի, կգա մեկ ուրիշը, ով, ի տարբերություն Ալիեւի, խոստանա վերադարձնել Ղարաբաղը եւ մի քանի տարի անց նոր պատերազմ կսկսի:

Ո՞րն է ավելի լավ: Թույլ տալ Ալիեւին կենդանի մնալ որպես պետության ղեկավար եւ քշել նրան դեպի բանակցություն` Ադրբեջանի համար ոչ այնքան բարենպաստ պայմանների հիման վրա, թե՞ լիակատար հաղթանակով թուլացած Իլհամի վերջը տալ եւ պետական հեղաշրջում հրահրել Բաքվում»,- նշել է նա: