Ռուս պատգամավոր․ Արցախի խաղաղ երկինքն ամուր պաշտպանված կլինի ագրեսիայից, և թուրքական անօդաչուներն այլևս կյանքեր չեն խլի

Մանրամասներ

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը («Եդինայա Ռոսիյա» կուսակցություն), որն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է:

«Այսօր հանդիպել եմ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս դժվարին օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է: Մենք մեծ հույսեր ունենք, որ Արցախի խաղաղ երկինքն ամուր պաշտպանված կլինի ագրեսիայից, և թուրքական անօդաչուներն այլևս կյանքեր չեն խլի: Ղարաբաղի հողը ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ»,- գրել է Միլոնովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը Միլոնովին «սև ցուցակում» է ընդգրկել Բաքվի հետ չհամաձայնեցված կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել են, թե, իբր պատգամավորի այս քայլը չի համապատասխանում «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»։