Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել Մոսկվա հանդիպելու ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ՝ անպատասխան թողնելով Ռուսաստանի նախաձեռնությունը

Հայաստանը դրական է արձագանքել ռուսական կողմի նախաձեռնությանն ու ՊՆ ներկայացուցիչներին ուղարկել է Մոսկվա ադրբեջանական կողմի հետ հանդիպելու

Հայաստանն իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա ադրբեջանցի զինվորականների հետ հանդիպելու, որպեսզի քննարկեն հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների հարցը, սակայն Բաքուն իր ներկայացուցիչներին այդ հանդիպմանը չի ուղարկել: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Ավելի վաղ նման հանդիպման անհրաժեշտության մասին մի քանի անգամ հայտարարել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանը դրական է արձագանքել ռուսական կողմի նախաձեռնությանն ու ՊՆ ներկայացուցիչներին ուղարկել է Մոսկվա ադրբեջանական կողմի հետ հանդիպելու: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն իր ներկայացուցիչներին այդ հանդիպմանը չի ուղարկել: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայի պայմանավորվածություններից և հրաժարվում է պատասխանել Ռուսաստանի նախաձեռնությանը»,-ասել է Գևորգյանը: