Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մարկ Ռուտեի հետ

Նիդերլանդների վարչապետը կարեւորել է հրադադարի պահպանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի եւ Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին:

Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա:

Նիդերլանդների վարչապետը կարեւորել է կողմերի միջեւ հրադադարի պահպանումը եւ խաղաղ գործընթացի վերսկսումը:

Հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատել է ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան իրագործման հնարավորության կարեւորությունը: