Ռուսական «Ալֆա»-ի պատվավոր նախագահ․ Մեր հատուկ ծառայությունները պետք է այս իրավիճակում նախաձեռնողականություն ցուցաբերեն

Այն, ինչ հիմա կատարվում է Ղարաբաղում, վերաբերում է Հյուսիսային Կովկասին

Ինչպես արդեն հայտնել ենք, Չեչնիայում այսօր առավոտյան ահաբեկիչներ են ոչնչացվել: Ավելի ուշ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ այդ ահաբեկիչները Չեչնիա մուտք են գործել Սիրիայից:

«Ալֆա»-ի հակաահաբեկչական ստորաբաժանման վետերանների միջազգային ասոցիացիայի պատվավոր նախագահ Գոնչարովը Sputnik-ի եթերում չի բացառել, որ վերոնշյալ իրադարձությունները կապ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործող արտասահմանցի վարձկանների հետ:

«Այն, ինչ հիմա կատարվում է Ղարաբաղում, վերաբերում է Հյուսիսային Կովկասին: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և այն, իհարկե, աշխուժացրել է Հյուսիսային Կովկասում գտնվող ահաբեկիչներին:

Սակայն ինձ զարմացնում է, որ Գրոզնիում: Քանի որ վերջին շրջանում Չեչնիան Հյուսիսային Կովկասում ամենահանգիստ վայրն էր: Կադիրովը վճռական կերպով կարգուկանոն է հաստատել ու անում էր ամեն ինչ, որ այդպես էլ շարունակվի: Սա շատ տհաճ միջադեպ է:

Մեր հատուկ ծառայությունները, հավանաբար, ավելի վճռական քայլեր կձեռնարկեն և թույլ չեն տա, որպեսզի այս իրավիճակը տարածվի ամբողջ տարածաշրջանում, որպեսզի ահաբեկիչներն օգտվեն այդ օրինակից:

Խնդիրը լուրջ է: Կարծում եմ, որ մեր հատուկ ծառայությունները պետք է այս իրավիճակում նախաձեռնողականություն ցուցաբերեն»,-ասել է նա: