Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել ռազմական ճանապարհով

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ եթե Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարի, որ «Ղարաբաղը Հայաստան է», ապա բանակցությունների մասին խոսք լինել չի կարող

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման սկսվելուց մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով, որ համաձայն չէ այն թեզի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Ադրբեջանի ժողովուրդը միջնորդներից, միջազգային կազմակերպությունների որոշ ղեկավարներից բազմիցս լսել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իսկ ես ասել եմ, որ համաձայն չեմ այդ թեզի հետ: Եվ ես ճիշտ էի: Մոտ 30 տարի բանակցություններ են ընթացել, առաջընթաց եղե՞լ է: Վերադարձրե՞լ ենք մեր հողերը: Իսկ ինչպե՞ս է հիմա լուծվում հարցը: Ռազմական ճանապարհով: Հարցը լուծվում է հենց ռազմական ճանապարհով: Ռազմական, ապա քաղաքական»,-ասել է Ալիեւը:

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ եթե Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարի, որ «Ղարաբաղը Հայաստան է», ապա բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: «Եթե նա այդպիսի հայտարարություն անի, ապա բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: Ես դա ասել եմ, եւ ոչ ոք մեզ չի ստիպի»:

Նա նաեւ հայտարարել է, որ Բաքուն Երեւանին վերջին շանսն է տալիս՝ վերադառնալու բանակցային ձեւաչափին եւ դուրս բերելու զորքերը Ղարաբաղից:

Ընդ որում, նա նշել է, որ Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը պետք է շատ բան պարզի, եւ, նրա խոսքով, պետք է բազային սկզբունքներ ընդունվեն:

Ալիեւը նաեւ նշել է, որ ԼՂ հարցով ստատուս-քվոն այլեւս գոյություն չունի: