Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան բանակցությունների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում Մոսկվայում այսօր տեղի ունենալիք բանակցություններից հետո հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Այժմ նախատեսվում է միայն արտգործնախարարների մակարդակով աշխատանք իրականացնել»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում կունենան ՌԴ ղեկավարի հետ։

Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե դիվանագետների միջև առաջիկա հանդիպման օրակարգը ինչպիսին կարող է լինել:

«Եկեք առաջ չընկնենք, սպասենք շփումների ավարտին»,- նշել է նա:

Մեկնաբանելով Agence France Press-ի հրապարակումն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը արդեն ուրբաթ և շաբաթ կարող են զինադադար կնքել, Կրեմլի խոսնակը նշել է, որ «այդ մասին ոչինչ չի կարող ասել»:

Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այսօր 15:00-ին։(Երևանի ժամանակով՝ 16։00)