Նավթի և գազի շուկաները դեռ կցնցվեն. Bloomberg-ը ներկայացրել է ադրբեջանական գազամուղի ռմբակոծման սցենարի հետևանքները

Կասպից ծովի տարածաշրջանի երկրորդ խոշորագույն արտադրողի գազամուղներն անցնում են Հայաստանի հետ սահմանից 16 կմ հեռավորությամբ

Շաբաթներ հետո Ադրբեջանը պետք է գազամատակարարում սկսի դեպի Եվրամիություն, սակայն կրկին սրվել է տասնամյակներ տևող հակամարտությունը Հայաստանի հետ: Թերթ․am-ի փոխանցմամբ՝ գրում է Bloomberg գործակալությունը՝ նկատելով, որ «նավթի և գազի շուկաները դեռ կցնցվեն հակամարտության պատճառով»:

«Թեև էներգիայի ոլորտում համաշխարհային պահանջարկը նվազել էր «Քովիդ-19»-ի համավարակի պատճառով, վատագույն սցենար կարող է տեղի ունենալ, ինչպես օրինակ՝ գազամուղի ռմբակոծումն ու դրան հետևող բնապահպանական աղետը: Սովորական իրավիճակում դա կբարձրացներ նավթի գները»,- ասվում է Bloomberg-ի հոդվածում: 

Գործակալությունը նշում է, որ հակամարտությունը կենտրոնանում է Լեռնային Ղարաբաղի շրջանում, որի հանդեպ հավակնություններ ունեն երկու երկրները: Նշվում է, որ տեսականորեն դա կարող է խախտել գազի և նավթի հոսքն Ադրբեջանից, քանի որ Կասպից ծովի տարածաշրջանի երկրորդ խոշորագույն արտադրողի գազամուղներն անցնում են Հայաստանի հետ սահմանից 16 կմ հեռավորությամբ:

Ադրբեջանն իր նավթի գերակշիռ մասն արտահանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով դեպի Թուրքիայի միջերկրածովյան ափի արտահանման վայր: Ադրբեջանից բնական գազի արտահանումը, որն անցնում է Հարավային Կովկասով դեպի Վրաստան ու Թուրքիա, այս տարի ավելի ուշ պետք է հասնի ԵՄ շուկա։