Երկիր չէ, այլ եռացող կաթսա, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում

Իշխանություններն ակնհայտորեն գլուխ չեն հանում պետության կառավարումից, ու երկիրը մտնում է համընդհանուր ճգնաժամի փուլ

նիկոլ

«Հրապարակը» գրում է. «Ախ, ինչ խառնակ ժամանակներ ենք ապրում։ Օրվա լրահոսը միայն հպանցիկ աչքի անցկացնելով՝ կարելի է համոզվել, որ Հայաստանը «ջրհեղեղի» շեմին է։ Երկու օր է՝ հրաժարականներ են տալիս բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԿԳՄՍ փոխնախարար, ԲՈԿ նախագահ, Սննդի անվտանգության տեսչության պետ, իսկ երեկ իմքայլական Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրեց։ Նախորդ երեկոյան էլ ադրբեջանական Հաքքին․ազ-ի «ռումբը» պայթեց հայկական մթագնած երկնակամարում՝ ադրբեջանցիները գաղտնի բանակցությունների խոհանոցն էին որոշել բացահայտել, որն իրականացրել էր արեւմտյան կողմնորոշման գործչի համբավ ունեցող, բայց մեզանում որեւէ կարգավիճակ չունեցող Արսեն Խառատյանը։

Ընդ որում, բացահայտումներն ավելի համոզիչ էին, քան հերքումները, որոնք ավելի շատ ամոթանքի էին նման՝ «կոնֆիդենցիալ ինֆորմացիան հրապարակելը լավ բան չէ» տիպի։ Երեկ վերջապես ՍԴ նախագահ պետք է ընտրվեր, սակայն ընտրությունը չկայացավ․ իշխանական թեկնածուն 5 ձայն չստացավ։ Այս խառնաշփոթն ավելի ուժեղացրեց Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը՝ 2017-ի ընտրությունների հետ կապված քաղաքական մեղադրանքով նրան կալանավորված տեսնելու իշխանական անթաքույց ցանկությամբ տոգորված։ Եվ սա՝ հոկտեմբերի 8-ի հանրահավաքի ֆոնին, երբ ընդդիմադիր դաշտը փորձում է իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ մարդկանց փողոց հանել։

Սրան զուգահեռ էլ կորոնավիրուսի թվերն են աճում, տնտեսական անկումն է խորանում, գիտնականներն ու դասախոսները շարունակում են բողոքել չափորոշիչներից, ռեկտորների բացակայությունից եւ այլն։ Մի խոսքով՝ երկիր չէ, այլ եռացող կաթսա, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում, եւ իշխանություններն ակնհայտորեն գլուխ չեն հանում պետության կառավարումից, ու երկիրը մտնում է համընդհանուր ճգնաժամի փուլ»։